Deutsche Bahn-ը դատարան է դիմել՝ պահանջելով արգելել մեքենավարների գործադուլի շարունակությունը

15:11 • 06.11.14

Գերմանական երկաթգծային Deutsche Bahn կոնցեռնը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել մեքենավարների քառօրյա գործադուլի շարունակությունը: Համապատասխան հայցն ուղարկվել է Ֆրանկֆուրտի աշխատանքային հարցերով դատարան: Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը: Ինչպես ակնկալվում է՝ հայցը կքննարկվի հինգշաբթի:

 

Կոնցեռնի պատմության ընթացքում մեքենավարների ամենաերկար գործադուլը փաստացիորեն կաթվածահար է արել Գերմանիայի երկաթգծային հաղորդակցությունը: Գործադուլը սկսվել է չորեքշաբթի ժամը 15:00-ին, երբ աշխատանքը դադարեցրել են բեռնատար գնացքների մեքենավարները: Հինգշաբթի 02:00-ին բողոքի ակցիան առնչվել է նաև ուղևորատար գնացքներին:

 

Նշվում է, որ բեռնատար գնացքների աշխատանքի դադարեցումը կարող է բերել նրան, որ շաբաթվա վերջում՝ «ամենաուշը կիրակի կամ երկուշաբթի», որոշ գազալցակայաններում կզգացվի «վառելիքի պակաս»: Գործադուլի պատճառով շատ գերմանացիներ օգտագործում են իրենց ավտոմեքենաները:

 

Բացի այդ, Գերմանիայի մի շարք միություններ զգուշացրել են, որ գործադուլը սպառնում է տարբեր ապրանքների և հումքի մատակարարման զգալի խափանումներ առաջացնել: