Քամու պատճառով զբոսաշրջիկներով օդապարիկը վայրէջք է կատարել հնդկական բանտում
Ուժեղ քամու պատճառով երկու զբոսաշրջիկով օդապարիկը վայրէջք է կատարել հնդկական բանտում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Indian Express-ին: Դեպքը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգում:
Օդապարիկը ղեկավարող օպերատորը կորցրել է հսկողությունը, ինչից հետո իրեն զբոսաշրջիկների հետ քամին քշել է Աջմերում գտնվող բանտի ուղղությամբ: Օդապարիկը վայրէջք է կատարել բանտի ֆուտբոլի դաշտում և անակնկալի է բերել ուղղիչ հաստատության ղեկավարությանը, նշում է թերթը:
Զբոսաշրջիկներին և նրանց ուղեկցողին հարցաքննել են: Ուղևորների խոսքերով՝ նրանք ցանկանում էին լուսանկարել Pushkar Fair տոնավաճառն օդից:
Տեղի իշխանությունները հրահանգել են հետաքննություն անցկացնել: Տոնավաճառին օդապարիկների օպերատորների գործունեության արտոնագրի գործողությունը դադարեցվել է:










