Հոնկոնգում վերսկսվել են ցուցարարների բախումները ոստիկանության հետ
Հոնկոնգում ընտրությունների ժողովրդավարացման համար բողոքի ցույցերը կրկին վերաճել են ոստիկանության հետ բախումների, սրացումը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ, հաղորդում է ria.ru-ն:
Մի քանի տասնյակ ոստիկաններ՝ զինված մահակներով և վահաններով, եկել են քաղաքի Մոնգ-Կոկ թաղամասը, որտեղ հավաքվել են մի քանի հարյուր ակտիվիստներ, ովքեր հանդես էին գալիս քաղաքի ընտրական համակարգի փոփոխության օգտին: Ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումները սկսվել են գիշերը մոտ ժամը 2-ին:
Reuters գործակալության տվյալներով՝ ցուցարարների մեջ նկատվել են Գայ Ֆոքսի դիմակներով 30-ից ավելի մարդ: Բախումների ընթացքում վիրավորների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում:
Կիրակի օրը բողոքի ցույցի մասնակիցները պատրաստվում են երթով քաղաքի կենտրոնից գնալ դեպի Չինաստանի հատուկ վարչական շրջանի վարչության շենք:










