Կադիրովն ու Մեդվեդևը «սելֆի» են արել «աշխարհի ամենաազդեցիկ մարդու» դիմանկարի ֆոնին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Instagram-ում «սելֆի» է տեղադրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարի ֆոնին:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ լուսանկարն արվել է կառավարական հանձնաժողովի նիստից անմիջապես հետո:
«Դմիտրի Անատոլյևիչի հետ «սելֆի» ենք արել աշխարհի ամենաազդեցիկ մարդու՝ ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի դիմանկարի ֆոնին»,- գրել է Կադիրովը:
Չեչնիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ շրջաններին տրամադրվող աջակցության համար:
«Շատ կարևոր է, երբ Ռուսաստանի տնտեսության առաջ նոր մարտահրավերներ կան, որոնք թելադրվում են աշխարհում տիրող իրավիճակով»,-գրել է նա:
Ռամզան Կադիրովն ու Դմիտրի Մեդվեդևը համացանցի ակտիվ օգտատերեր են:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակը` ըստ Forbes ամերիկյան հեղինակավոր ամսագրի:










