Մելբուռնյան ավանդական ձիարշավը՝ գլխարկների և ծաղիկների տոն (լուսանկարներ)
Ավստրալացիները նոյեմբերի յուրաքաչյուր առաջին երեքշաբթի օրն ուշադիր հետևում են ձիարշավներին։ Մելբուռնյան գավաթն ամենահայտնին է ոչ միայն որպես սպորտային, այլև որպես նորաձևության միջոցառում։ Այստեղ մրցանակ են հանձնում ամենայուրահատուկ գլխարկի համար, գրում է РИА Новости-ն։
Բացի մարզական մրցումներից, անցկացվում են զանազան այլ միջոցառումներ՝ մանկական տոներ, համտեսումներ, պարեր և նորաձևության ցուցադրություններ։
Melbourne Cup-ի պատմությունը սկսվել է 1861-ին, երբ Անգլիայից ժամանած գաղութարարները, ովքեր օտար մայրցամաք էին բերել իրենց սիրելի սպորտաձևը, այստեղ կազմակերպել են ձիարշավներ 170 ֆունտ մրցանակային ֆոնդով և ոսկե ժամացույցով։
Ըստ վիճակագրության՝ մրցումներին հետևում է ավելի քան 700 մլն մարդ աշխարհի մոտ 120 երկրում։
Բազմազան տարօրինակ գլխարկները և հագուստները տոնի անբաժանելի մասն են 1962-ից, երբ մրցումներից հետո անցկացվել է առաջին ցուցադրությունը, որի նպատակն է եղել գրավել կին հանդիսատեսին։
Fashions On The Field մրցույթի եզրափակիչն անցկացվում է հինգշաբթի. այդ օրը բոլոր ամենաոճային կանայք և տղամարդիկ խոշոր դրամական պարգև են ստանում իրենց արտաքինի համար։
Ծաղիկները, հատկապես՝ վարդերը, կարևոր մաս են կազմում տոնական շաբաթվա ընթացքում։ Տարածքն այդ օրերին զարդարվում է թարմ ծաղիկներով, որոնց հետևում են այգեպանները, իսկ Գավաթի յուրաքանչյուր օրն ունի իր խորհրդանիշ ծաղիկը։
Հեղինակավոր մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5 մլն ավստրալական դոլար։












































