Պարագվայում կախարդության համար մեղադրվող կնոջը ողջ-ողջ այրել են
Պարագվայում բնիկ կինը ողջ-ողջ այրվել է կախարդության համար մեղադրվելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես հայտնել են պաշտոնյաները, Մբիա Գուարանի համայնքի անդամները կապել են 45-ամյա Ադոլֆինա Օկամպոսին փայտե ձողին և նետեր արձակել նրա վրա, մինչ նրան ողջ-ողջ այրելը:
Օկամպոսն անցած շաբաթ համայնքի առաջնորդի կողմից դատապարտվել էր մահապատժի երկրի մայրաքաղաք Ասունսյոնից 290 կիլոմետր հյուսիս գտնվող Տահեհիյ գյուղում:
Տեղի դատախազը գյուղի ինը տղամարդու մեղադրել է առաջին կարգի սպանության համար, և նրանք արդեն խոստովանել են իրենց մեղքը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցի համաձայն՝ աշխարհում հազարավոր մարդիկ ամեն տարի մեղադրվում են կախարդ լինելու համար: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ նրանք հաճախ հետապնդվում են, հեռացվում ընտանիքներից և համայնքներից և երբեմն էլ՝ սպանվում:










