Պորտուգալիան հայտնում է ռուսական նավ կանգնեցնելու մասին
Պորտուգալիայի ռազմածովային ուժերի նավը չորեքշաբթի գիշերը ռուսական հետազոտական նավ է կանգնեցրել, որը հայտնվել է այդ երկրի բացառիկ տնտեսական գոտու ջրերում: Այդ մասին հայտնել է Պորտուգալիայի պաշտպանության նախարարը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ դա հիդրոգրաֆիկ նավ է եղել:
Ria.ru-ն՝ վկայակոչելով Պորտուգալիայում Ռուսաստանի դեսպանատունը, հաղորդում է, որ ռուսական կողմը ստուգում է այդ տեղեկատվությունը:
Անցած շաբաթ պորտուգալական F-16 կործանիչներն օդ են բարձրացել Մերձբալթյան երկրների օդային տարածքում ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար:
ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Ռուսաստանն ակտիվացրել է ռազմական թռիչքները ՆԱՏՕ-ի անդամ պետությունների սահմաններից քիչ հեռու միջազգային օդային տարածքում:










