Իհարկե սա քաղաքական որոշում էր, բայց ես նաև ունեմ աշխատանքային փորձ. Վայոց ձորի նորանշանակ մարզպետ

14:12 • 06.11.14

Կառավարության որոշմամբ այսօր Վայոց ձորի մարզպետ նշանակված Հարություն Սարգսյանը, ով մինչ այդ Վայքի քաղաքապետն էր, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե իր որ արժանիքների համար է նշանակվել մարզպետի պաշտոնում, ասաց՝ առաջին հերթին աշխատանքային փորձի: 

«Իհարկե սա քաղաքական որոշում էր, բայց նաև ես ունեմ աշխատանքային փորձ, կենսագրություն, տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե երբ Կառավարության նիստին վարչապետն ասաց, որ նա պետք է արդարացնի Կառավարության և Նախագահի հույսերը, միգուցե նկատի ուներ կուսակցակա՞ն շահերը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դուք ինչ նկատի ունեք կուսակցության շահեր ասելով, ինչո՞ւ չէ նաև կուսակցության շահերը, բայց առաջին հերթին ժողովրդի հետ աշխատելը: Ես ինքս Վայքից եմ, ապրում եմ էնտեղ ու ապրելու եմ ու ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվում էի քաղաքապետ եղած ժամանակ»։ 

Հարցին, թե ի՞նչ է անելու նա մարզում, որը նախկին մարզպետը չէր անում, կամ ինչն է վատ արել, պատասխանեց. «Նախկին մարզպետը վատ չի արել, իր իրավունքներն ու պարտականությունները ունի մարզպետը, նա ընդամենը կատարել է իր պարտականությունները, որևիցե առանձնահատուկ խնդիր դրված չէ»: 

Նորանշանակ մարզպետը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչով է պայմանավորված մարզպետի փոփոխությունը: 

«Ես պատկերացնում եմ դժվարությունները, որովհետև փոխմարզպետ էլ եմ եղել, բայց պետք է աշխատել։ Ես այդ դժվարությունը վերցրել եմ, աշխատելու եմ թափանցիկ»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է մարզում առկա խնդիրներին, Հարություն Սարգսյանը հորդորեց իրեն հարցնել Վայք քաղաքի մասին, քանի որ դեռևս չի ծանոթացել մարզի խնդիրներին: