Գերմանիայում մեկնարկում են Բեռլինի պատի փլուզման 25-ամյակի միջոցառումները
Գերմանիայում մեկնարկում են Բեռլինի պատի փլուզման 25-ամյակին նվիրված միջոցառումները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:
Միջոցառումների շարքը կտևի երեք օր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում ընտանիքն այն ժամանակ Արևելյան Գերմանիայում էր ապրում, հայտարարել է, որ երբեք չի մոռանա այն պահը, երբ Բեռլինի պատի անկման հետ, 35 տարվա սպասումից հետո «ազատության զգացողություն է եկել»:
Ներկայիս միջոցառումների շրջանակներում Մերկելը կգլխավորի արարողությունները, որոնք նվիրված են այն մարդկանց, ովքեր սպանվել են Արևելյան Գերմանիայից փախչելու փորձերի ժամանակ:
Նույն տոնակատարությունների շրջանակներում Բեռլին կայցելի ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, ում բարեփոխումների շնորհիվ հնարավոր դարձավ նաև Պատի փլուզումը:
Միջոցառումների թվում է Բեռլինում նոյեմբերի 9-ին կայանալիք փառատոնը, որին սպասվում է հարյուր հազարավոր մարդկանց այց:
«Սառը պատերազմի» խորհրդանիշներից Բեռլինի պատը քանդվել է քառորդ դար առաջ այս օրերին:










