Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու հարցում ընդդիմության և իշխանության լիակատար համերաշխությունը աղետալի է. Վահրամ Մարտիրոսյան
Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը որևէ հասարակության համար աղետալի է համարում այն, որ ընդդիմության և իշխանության կարծիքների մեջ կա այնպիսի միասնականություն, ինչպիսին Հայաստանում է:
«Գլխավոր խնդիրը, որ ինձ համար գոյություն ունի, ընդդիմության և իշխանության լիակատար համերաշխությունն է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցում: Ես որևէ հասարակության համար աղետալի եմ համարում էսպիսի միաձուլումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Մարտիրոսյանը՝ շարունակելով, թե եթե դա նույնիսկ խոհեմության թելադրանքն է, և ընդդիմությունը պետք է անընդհատ տարբերակներ առաջարկի ու քննարկի:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հանրահավաքների շարքին, ապա հրապարակախոսն այն կարծիքին է, որ դա պայքարի սովորական գործիք է և վիճարկելու բան չէ:
Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին մի քանի հանրահավաքներից հետո հանրության մեջ, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության մեջ, կրքեր բորբոքվեցին, որովհետև ընդդիմության առաջնորդներից մեկը, ըստ էության, վիրավորեց իրենց հետ ոչ համամիտ մարդկանց:
«Մի տարբերակ կա, որի մասին, կարծես թե, չի խոսվել. ես չեմ բացառում, որ «20-30 ջղաձիգներին» վիրավորելը խորամանկ հնարք էր, որը նպատակ ուներ արձագանք հրահրել, հակառակ դեպքում հանրահավաքն արագ կմոռացվեր։ Քանի որ մեր նման երկրներում ճահճացման վտանգն ամենամեծն է, ես ինքս փորձելու եմ անձնական հարթություն չտեղափոխել բանավեճը. եթե «ոչ իշխանությունը» ի վիճակի է որևէ բան փոխել, թող արդյունք ցույց տան, թող փոխեն»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
Նա կարծում է, որ հանրային հարցումները մոտ են իրականությանը՝ Հայաստանում բնակչության 50 տոկոսից ավելին կողմ է ԵՏՄ-ին, բայց նրանք, ովքեր դեմ են, մտավոր սերուցքն են՝ դոնկիխոտներ, «ովքեր իրենց ուղեղներն ու խիղճը արձակուրդ չեն ուղարկել, իրենց քաղաքացիական դիրքորոշումը չեն ուղարկել գերեզմանատուն՝ ելնելով պահի թելադրանքից»:
«Առանց Հայաստանի հետ դաշնակցության Ռուսաստանը անվերադարձ կկորցնի իր ազդեցությունը Կովկասում, էդ պատճառով անիրական չէր և չէ ձայնազուրկ վասալի փոխարեն մեր երկրի համար կամավոր դաշնակցի առանձնահատուկ կարգավիճակը պոկելը»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողները դավաճանություն են համարում և «պետրոսգետադարձներ» անվանում այն պատգամավորներին, ովքեր «կողմ» են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, Վահրամ Մարտիրոսյանն ասաց, թե դա մեծ պատիվ կլինի նրանց համար։
«Պետրոս Գետադարձ կաթողիկոսը ժամանակի կրթված մարդկանցից մեկն էր, նրա անվան հետ էր կապվում գետի ընթացքը շուռ տալու հրաշքը, իսկ խորհրդարանի կեսից ավելին կիսագրագետ «բիրդան-աղաներ» են, և էդ առումով՝ անմեղսունակ: Մեղսունակը նրանց պատգամավոր նշանակողն է և որոշումները «դակելու» հրահանգը տվողը։ Ի դեպ, շատերը չգիտեն, որ Պետրոս Գետադարձը սովորական մորթապաշտ էր, որը եկեղեցու հսկայական ունեցվածքի մասին էր հոգում (թեև, մեկ է, ավելի ուշ աքսորվեց), դավաճանությունը կատարել էր Անիի Հովհաննես Սմբատ արքան, ով թագավորությունը կտակել էր Բյուզանդիային՝ «անվտանգությունից» ելնելով ու «անշրջելի» համարելով գործընթացները։ Այսինքն՝ ժամանակի միջազգային իրավունքի տեսանկյունից կաթողիկոսը, ինչպես նաև Սարգիս իշխանը, որին բյուզանդական կայսրությունը «վեստ» տիտղոսի հետ հայոց թագավորի եկամուտին համեմատելի թոշակ էր նշանակել, անմեղ էին։ Այսինքն՝ պետք չէ փորձել պատգամավորների վրա ազդել, պետք է ցույց տալ, որ կան դիմադրողներ, անհնազանդներ»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ սա ճակատագրական հարց է. Սահմանադրական դատարանի նոյեմբերի 14-ի և ԱԺ նոյեմբերի 17-ի նիստերը հարմար առիթ են հանրությանը ևս մեկ անգամ զգուշացնելու ԵՏՄ-ին միանալու արկածախնդրության վտանգների մասին:










