Բիգ Բենը 1 օրով կկերպարանափոխվի՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի

09:21 • 07.11.14

Բիգ Բեն հայտնի ժամացույցի աշտարակը նոյեմբերի 9-ի երեկոյան կվերափոխվի «լուսավոր հիշատակի»՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, որի սկսվելու 100-ամյակը նշվում է այս տարի:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին երեկ հայտարարել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն:

 

«Առաջին համաշխարհային պատերազմն իր հետքը թողել է ոչ միայն կռվող սերնդի վրա, որը զոհաբերվեց այդ պատերազմին, այլև հաջորդ սերնդի: Պատերազմն արմատապես փոխեց խորհրդարանը, ինչպես նաև այլ շատ ազգային ինստիտուտներ»,-ասել է նա:

 

Լուսարձակների միջոցով Բիգ Բենի պատերին շարժվող լուսային կոմպոզիցիաներ են երևալու, որոնք պատկերելու են, թե ինչպես են թափվում կարմիր կակաչի թերթիկները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիայում այս ծաղիկը համարվում է կռվի դաշտում զոհվածների սգո խորհրդանիշը:

 

Ակցիան տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ լոնդոնյան ժամանակով ժամը 17:30-23:30-ը, երբ երկրում նշվելու է Հիշատակի կիրակին: Մեծ Բրիտանիայում այդպես է անվանվում Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի զոհերի հիշատակի օրը: