Freedom House. Ադրբեջանի իշխանությունները վախենում են իրենց քաղաքացիներից

15:24 • 07.11.14

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին փաստաբանից զրկելու կապակցությամբ, տեղեկացնում է contact.az-ը:

 

«Իրավապաշտպաններին մեղադրելով լուրջ պետական հանցագործությունների մեջ` Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հարգում օրենքի գերակայությունն ու ձգտում են վախեցնել անկախ քաղաքացիական հասարակությանը:

 

Լեյլա Յունուսի և այլ իրավապաշտպանների դեմ ծանր և անհիմն մեղադրանքներ առաջ քաշելով, նրանց երկար ժամկետներով ազատազրկելով՝ Ադրբեջանը պարզապես ծաղրում է սեփական իրավական համակարգը: Լեյլա Յունուսին փաստաբանի միջոցով պաշտպանվելու հնարավորությունից զրկելով՝ իշխանությունները ցույց են տալիս, որ վախենում են սեփական ժողովրդից»,- հայտարարել է Freedom House-ի ղեկավար Դևիդ Քրամերը:

 

Freedom House-ը կոչ է արել իշխանություններին չեղարկել Յունուսին և մյուս իրավապաշտպաններին առաջադրված մեղադրանքներն ու վերականգնել նրանց իրավունքները:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի դատախազությունը պաշտպանությունից հեռացրել է Լեյլա Յունուսի փաստաբաններ Ջավադ Ջավադովին ու Խալիդ Բագիրովին: Չի բացառվում, որ երրորդ փաստաբանը նույնպես կարող է նույն ճակատագրին արժանանալ: