Վիետնամցին հասկանալով, որ խաբեության զոհ է դարձել և չի կարող նոր iPhone գնել իր ընկերուհու համար, ծնկի է իջել և լաց եղել (վիդեո)

15:58 • 07.11.14

Վիետնամի ֆաբրիկաներից մեկի 28-ամյա աշխատակից Պան Վան Տայը գրեթե կես տարի գումար է հավաքել իր ընկերուհու համար նոր iPhone 6 գնելու համար։ Սմարթֆոնի վերջին մոդելը գնելու համար նա մեկնել է Սինգապուր։ Սակայն Mobile Air խանութի աշխատակիցները նրան ասել են, որ հեռախոսը հանկարծակի թանկացել է 1.000 դոլարով, գրում է Вести-ն։

 

Տայի խոսքով՝ խանութի կայքում նշված 730 դոլարից բացի, նա պետք է վճարեր նաև 1.000 դոլար «երաշխիքային փաթեթի համար»։ Հասկանալով, որ դարձել է խաբեության զոհ՝ Տայը ծնկի է եկել և խնդրել, որ վերադարձնեն իրեն արդեն վճարված գումարը։ Սակայն վերջիններս որոշել են ծաղրել դժբախտ վիետնամցուն։

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել օգնել։ Արդյունքում խանութի աշխատակիցները համաձայնել են վերադարձնել միայն 250 դոլար և խանութից դուրս հանել նրան։

 

Բարեբախտաբար, սրանով նրա պատմությունը չի ավարտվել։ Հրապարակված հոլովակն արագ տարածվել է համացանցում, ինչի արդյունքում Սինգապուրի կարեկից բնակիչները որոշել են գումար հավաքել վիետնամցու ընկերուհու համար հեռախոս գնելու նպատակով։

 

«Այս պահին մենք հավաքել ենք մոտ 12.000 դոլար, որը բավական կլինի ոչ միայն հեռախոս գնելու, այլև Տայի՝ Սինգապուրում մնալու համար։ Մենք ցանկանում ենք ցույց տալ նրան մեր հյուրասիրությունը և ապացուցել, որ խաբեբաների և գողերի ազգ չենք»,- նշել է արշավի կազմակերպիչ Գաբրիել Կենգը։