Վրաստանում իշխանափոխություն չէ, և տեսանելի ապագայում ՀՀ-ի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվի
«Վրացական երազանքից» հեռացել է միայն մեկ կուսակցություն, 5 կուսակցություններ մնում են կոալիցիայում: Հետևաբար, դրա փլուզման մասին խոսակցությունները չափազանցված են: Սա նշանակում է, որ տեսանելի ապագայի համար ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում նաև՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը կփոխվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության համակարգող Առնոլդ Ստեփանյանը:
«Այս տեսանելի ապագան առնվազն վերաբերում է հերթական ընտրություններին, որովհետև Վրաստանի քաղաքական կուսակցությունների հիմնական մասը կամ մեծամասնությունը հիմնվում են արևմտյան արժեքային համակարգի վրա»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ «Վրացական երազանք» դաշինքի քաղաքական խորհրդի՝ Թբիլիսիում կայացած նիստն ավարտվել էր կոալիցիոն կուսակցություններից մեկի՝ արդեն նախկին պաշտպանության նախարար Իրակի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատների»՝ ընդդիմության շարքերը համալրելու հայտարարությամբ:
Այս իրադարձություններին նախորդել էին մի քանի հրաժարականներ՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային հետևել էր նրա մերձավոր զինակից, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին, ապա երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ողջ ղեկավար կազմի հրաժարականը, որն ամբողջական դարձավ արդեն նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականով:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը այս հարցին մի փոքր այլ տեսանկյունից է նայում. «Ալասանիան և իր ընկերները հայտարարում են, որ տեղի է ունեցել հարված Վրաստանի եվրոպական կողմնորոշմանը, քանի որ, իրենց կարծիքով, իրենք ամենաարևմտասեր կառույցն են եղել «Վրացական երազանքի» կազմում: Ալասանիայի կարծիքով՝ այն հետապնդումները, որոնք տեղի են ունենում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիայի մեղադրանքով, սարքովի են և քաղաքական ենթատեքստ ունեն: Դրան ի պատասխան՝ վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հեռացնում է Ալասանիային, որովհետև կառավարության նիստում նա հայտարարել էր Կառավարության միտումնավորության մասին: Եվ որպեսզի նա չխոչընդոտի ՊՆ-ում տեղի ունեցող կոռուպցիոն երևույթների արդար հետաքննությանը, վարչապետը հեռացրել է նրան»:
Շիրակ Թորոսյանը հակված է համաձայնել Վրաստանի վարչապետի տեսակետի հետ, ով քննարկում է հարցն այն տեսանկյունից, որ քաղաքական ենթատեքստ չկա:
«Որովհետև, վերջին հաշվով, նրա գլխավորած կառավարությունն իր էությամբ արևմտամետ է: Ի վերջո` նույն վարչապետ Ղարիբաշվիլին էր նախաստորագրել Եվրամիության ասոցացման համաձայնագիրը: Այսինքն՝ այս կառավարությունն իր ողջ էությամբ արևմտասեր է, և նրան մեղադրել արևմտյան արժեքներին դավաճանելու և դեպի այլ ուղղություններ հակվելու հարցում, մեղմ ասած՝ ճիշտ չէ»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Ինչպես հաղորդվում է՝ այսպիսով «Վրացական երազանք» դաշինքը կորցրեց խորհրդարանում ունեցած բացարձակ մեծամասնություն, քանի որ «Ազատ դեմոկրատները» 10 պատգամավոր ունի, և նրանց՝ ընդդիմություն անցումից հետո իշխող կոալիցիան 150 հոգանոց խորհրդարանում 73 մանդատ կունենա:
Որպես ամփոփում՝ Շիրակ Թորոսյանը նշեց, որ Վրաստանում քաղաքական դասավորումները ԵՏՄ-ի հետ կապված որևէ ենթատեքստ չեն կարող ունենալ և ավելացրեց. «Այս վերադասավորումներն ավելի շատ ներքին քաղաքական խնդիրների հետ են առնչվում, քան արտաքին, որովհետև վրացական կառավարության մեջ չի եղել մեկը, որը լիներ ռուսամետ կամ ԵՏՄ-ական: Բոլորն էլ եղել են ԵՄ-ի կողմնակից: Եվ այդ պաշտոնանկություններն այլ հարթության վրա գնահատելը ճիշտ չէ»:
Վրաստանի փոփոխություններն ԱԺ պատգամավորը կտրուկ չի համարում, ասում է, որ դրանք կառավարման պրոցեսում հաճախ տեղի ունեցող երևույթներ են՝ ներքին վերադասավորումներ՝ ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու համար:
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանն այս հարցում համակարծիք է. «Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակի Ալասանիան ևս խոսում էր սոսկ իշխանափոխության վտանգի, այլ ոչ թե տեսանելի ապագայում ինքնին իշխանափոխության մասին: Սա մեկ և երկրորդ՝ «Ազատ դեմոկրատների»՝ ընդդիմության ճամբարում հայտնվելու արդյունքում կունենանք շատ առողջ մթնոլորտ, քանի որ ԱԴ-ն կընդդիմախոսի իշխող կոալիցիային»:










