Երևանում ագռավները բազմանում են, որովհետև քաղաքը էկոլոգիական լուրջ խնդիրներ ունի. բնապահպան
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը թեև համամիտ է, որ մայրաքաղաքում ագռավների թիվը բավականին շատացել է, բայց պնդում է, որ դրանց դեմ պայքարը կհանգեցնի բնապահպանական հավասարակշռության խախտման։
«Եթե սկսեցին այն ոճով պայքարել, ինչպես Կառավարությունն է միշտ անում, ապա կստանանք բնապահպանական ոչ հավասարակշռված վիճակ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և բացատրեց, որ ագռավների թիվը հուշում է քաղաքի էկոլագիական վիճակի մասին։
«Շատացել են, որովհետև Երևանը լուրջ խնդիրներ ունի. դրանք կապված են և´ կանաչ գոտիների, շենք շինությունների, և´ աղբահանության հետ, որոնք ընդհանուր խնդիրներ են առաջացնում բնապահպանական ոլորտում։ Դա անդրադառնում է քաղաքի կնսաբազմազանության վրա. ինչպիսին մեր քաղաքի դեմքն է, այնպիսի կենսաբազմազանություն էլ ունենք։ Եթե մեզ մոտ պուրակները, այգիներն ու կանաչ գոտիները շատ լինեին, ապա կունենային այլ պատկեր թռչնաշխարհում, բայց մեզ մոտ քանի գնում, կանաչ տարածքները քչանում են, իսկ ագռավները օրգանիզացված թռչուներ են, նրանք բնակվում են այն տեղերում, որտեղ թափոն կա, աղբ կա: Կեղտոտ քաղաքներում շատ կրծողներ կան, որոնցով նույնպես նրանք սնվում են»,-ասաց նա։
Սիլվա Ադամյանը հիշում է 70-ականների Երևանը, որը աղավնիների քաղաք էր։ «Դրանք իմ երիտասարդական տարիներն էին, և ես հիմա մեր քաղաքն ուղղակի չեմ ճանաչում։ Եթե դուք հիմա արխիվներից գտնեք այդ տարիների Երևանը ներկայացնող ֆիլմեր կամ լուսանկարներ, կհասկանաք, որ նախկին Երևանից ոչինչ չի մնացել։ Միայն Օպերայի շրջակայքում այնպիսի ստվար ծառերի զանգված կար, Կարապի լճի մոտ, երգող շատրվանների, որ այնտեղ լսում էինք միայն փոքր թռչունների դայլալ, որովեհետև նրանք ձվադրում էին, կեր ունեին, միջատներ կային»,-ասաց նա և հավելեց, թե չի հիշում, որ քաղաքում այսքան կատաղած թափառող շներ լինեին, ինչը կրկին թափոնների ու աղբի հետևանք է։
«Մինչև քաղաքի դեմքը չփոխենք, այս ամեն ինչից զերծ չենք մնա. կենդանին կտեսնի, որ իր ապրելու միջոցն այս տարածքում չկա, կվերանա ուղղակի, կհեռանա այստեղից, և կգա կենդանական աշխարհի մի նոր օղակ»,-եզրափակեց նա։










