Ստեփանակերտը ողջունում է Կատալոնիայի անկախության հանրաքվե-հարցումը. Դավիթ Բաբայան

20:01 • 10.11.14

Պաշտոնական Ստեփանակերտը շատ կարևոր իրադարձություն է համարում Կատալոնիայում անկախության հանրաքվե-հարցումը՝ չնայած իր իրավական կարգավիճակին, և համարում, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նոր հաղթարշավ է սկսել երկրագնդի տարբեր ծայրերում:Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

«Այնուամենայնիվ, այդ հարցման միջոցով Կատալոնիայի ժողովուրդն իր կամքը արտահայտեց: Չի բացառվում, որ հետագայում հարցումը դառնա հանրաքվե և ստանա իրավական այլ կարգավիճակ: Դա ազգի ինքնորոշման իրավունքի ևս մեկ պրակտիկ դրսևորում է, որը մենք ողջունում ենք և համարում ենք շատ կարևոր միտում: Ազգերի ինքնորոշման իրավունքը նոր հաղթարշավ է սկսել երկրագնդի տարբեր ծայրերում»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանը Tert.am –ի հետ զրույցում Հայաստանի և Իսպանիայի կազմում բնակվող ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանությամբ էր պամանավորել Ղարաբաղի բանակցային գործընթացում, այսպես կոչված, իսպանական ուղղությունը:


 

Հիշեցնենք նաև, որ նախօրեին Իսպանիայի ինքնավար մարզ Նավարայի խորհրդարանը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությամբ, որով կոչ էր արվում ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ և ընդգծվում էր, որ սա պետք է դիտել որպես պարտադիր պայման:


 

Իսկ սեպտեմբերին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ էր ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը։ Եվ Դավիթ Բաբայանը ժամանակին այս որոշումը համարել էր «եվրոպական մայրցամաքում Արցախի ճանաչման գործընթացում նոր փուլ»:


 

Դավիթ Բաբայանը նկատեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի պրակտիկ դրսևորման այս օրինակը ցույց է տալիս մի կարևոր բան՝ անկախ սոցիալ-տնտեսական իրավիճակից, տարբեր ժողովուրդների միջև շատ մոտիկ մշակութային ու տնտեսական կապերից, եթե ժողովուրդը գերադասում է ապրել անկախ, դա, անպայման, իրականություն է դառնում:


ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը բոլոր նման փորձերը համարում է ԼՂՀ հարցի կարգավորման տեսանկյունից ևս մեկ շատ կարևոր նախադեպ:


«Ո´չ միայն Արցախի, այլ նույն Ադրբեջանի համար, որ ինքը տեսնի, թե ինչպես են քաղաքակիրթ երկրները հանրաքվեների հանդեպ ինչպիսի դիրքորոշում են ցուցաբերում: Ճիշտ է՝ Իսպանիայի հռետորաբանությունը մի քիչ կոշտ է, բայց խոչընդոտելու որևէ պրակտիկ քայլ չի իրականացնում: Չմոռանանք, որ նույն բանը շատ քաղաքակիրթ եղանակով տեղի ունեցավ Շոտլանդիայում»,-մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:


Նա այն կարծիքին է, որ այդ նախադեպերը որևէ կերպ չեն ազդում և չեն ազդելու Ադրբեջանի վրա: Ինչ վերաբերում է հարցին, թե նման օրինակները չե՞ն վկայում, որ ազգերի ինքնորոշման իրավունքն սկսել է գերակայել տարածքային ամբողջականության իրավունքի նկատմամբ, Դավիթ Բաբայանը նկատեց, որ միջազգային իրավունքի այս երկու սկզբունքը չեն կարող մեկը մյուսին հակասել նորմալ պետությունների պարագայում:

 

Ըստ Դավիթ Բաբայանի՝ եթե պետությունը փորձում է հակադրել ազգի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության իրավունքին, դա շատ լավ ցուցիչ է, թե ինչպիսի պետություն է այն: