ԿԳ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կուսումնասիրի ՀՊՃՀ միջադեպը. Զ. Եգանյանը՝ ի պատասխան Վ. Խոեցյանի նամակի
Կրթության և գիտության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրության կենթարկի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) շուրջ առաջացած միջադեպը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը: Հիշեցնենք, որ ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակով դիմել էր Արմեն Աշոտյանին` ներկայացնելով կատարվածի մանրամասները: Զոհրապ Եգանյանը, մասնավորապես, գրել է.
«Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը` ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:
Ինչ վերաբերում է բաց նամակում Խոյեցյանի մատնանշած խնդիրներին՝ ապա նշեմ, որ նախարարի հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի»:










