Ժողովրդավարական պետությունն ուժեղ է հատկապես իր ուժեղ համայնքներով. Նախագահ Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

20:40 • 10.11.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին՝ Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ:


Անցած տասնութ տարվա ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ո´չ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև՝ հաջողությամբ շարունակում է կերտել է իր պատմությունը:


ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են: Փորձով ստուգված ճշմարտություն է, որ ժողովրդավարական պետությունն ուժեղ է հատկապես իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունությունը հիմնվում է նաև համայնքների զարգացածության ու կազմակերպվածության վրա:


Տեղական ինքնակառավարումը, լինելով պետության կարևոր ինստիտուտներից մեկը, նաև քաղաքացիների համար իրական հնարավորություն է՝ իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու նրանց մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:

 

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»: