Մալայզիական ինքնաթիռի՝ ռադարներից անհետանալու համար մեղադրում են «տեխնիկական հանճար» հաքերին

16:40 • 10.11.14

Այս տարվա մարտին Կուալա Լումպուրից Պեկին թռչող մալայզիական Բոինգ ինքնաթիռը կարող էր ռադարների տեսադաշտից անհետանալ հաքերի գործողության հետևանքով, որը կոտրել է ինքնաթիռի ավտոմատ համակարգը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ International Business Times-ին հղումով:

 

Ինժեներ Մայքլ Էքսները, ով զբաղվում է գործի անկախ հետաքննությամբ, ինքնաթիռի համակարգչային համակարգը կոտրելու համար կասկածվող անձին «տեխնիկական հանճար» որակումն է տվել: Նրա խոսքով՝ ինքնաթիռի բոլոր հեռահաղորդակցային համակարգերի անջատումը կարող էր տեղի ունեցած լինել թռիչքից 40 րոպե անց:

 

Պարբերականի տեղեկություններով՝ հանցագործներին հաջողվել է հեռվից կառավարել համակարգերը, որոնք անջատել հնարավոր է միայն ինքնաթիռում գտնվելով:

 

Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր մարտի 8-ին: Ինքնաթիռում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Ինքնաթիռի հետքերն առայժմ գտնել չի հաջողվել: