Դրականը ոչ այնքան բյուջեի կատարումն է, որքան նպաստավոր պայմանների ստեղծումը 2016-2017 թթ. համար. Խ. Հարությունյան

22:34 • 10.11.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը որևէ ողբերգություն չի տեսնում, եթե 2015թ. բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճը չլինի 4,1 տոկոս, այլ լինի օրինակ՝ 3,3։ Tert.am-ի հետ զրույցում նա իր տեսակետը բացատրեց նրանով, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նոր քաղաքականության` կտրուկ գործիքակազմի կիրառմամբ, ինչը որոշակի վտանգ, սպառնալիք կհանդիսանա բյուջեի կատարման համար, սակայն դրականը ոչ թե բյուջեի փաստացի կատարումն է, որքան նպաստավոր պայմանների ստեղծումը՝ 2016-2017 թվականների ընթացքում ավելի մեծ բյուջե պլանավորելու և ավելի մեծ եկամուտներ ակնկալելու տեսանկյունից։


-Ինչպե՞ս եք գնահատում 2014 թվականի բյուջեի կատարողականը, առավել ևս, որ ԱՄՀ-ն, իսկ ավելի վաղ՝ Կենտրոնական բանկը, կանխատեսել են, որ բյուջեում նախատեսված տնտեսական աճը չի ապահովվի:


-2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ 2014 թվականի բյուջեն կկատարվի, և ես կարծում եմ, որ դա հիմնավոր է: Մեծ իմաստով՝ 2014 թվականի և հատկապես 2015 թվականի բյուջեն իրենց մեջ, ըստ իս, նաև որոշ ռիսկայնություն են պարունակում: Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը ապրիլ ամսվանից սկսած, ձեռնամուխ է եղել տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նոր քաղաքականության` օգտագործելով հարկային այնպիսի գործիքներ, ինչպիսիք զեղչերն են: Ըստ էության, շրջանառության հարկի ոլորտում բավականին լուրջ զեղչ կատարվեց՝ 1,5 տոկոսը իջեցվեց 1 տոկոսի: Բոլորովին վերջերս մենք ընդունեցինք նաև սահմանամերձ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրությանը միտված նոր քաղաքական մոտեցումների մասին օրենք: Կարծում եմ, թե վարչապետը ճիշտ էր ասում, որ 2015 թվականի բյուջեն իրատեսական է և սոցիալական, այդուհանդերձ ես համոզված եմ, որ 2015 թվականը շատ լարված տարի է լինելու: Իհարկե, վարչապետը գիտակցում է, որ այդ զեղչերը որոշակի վտանգ, սպառնալիք կհանդիսանան բյուջեի կատարման համար և գիտակցված, իմաստավորված գնում է այդ ճանապարհով, որովհետև միգուցե, ենթադրենք 2015 թվականի բյուջեն կատարվի 97 կամ 98 տոկոսով, սակայն փոխարենը՝ 2015-2016 թթ.-ին հանրապետությունում կարող է ձևավորվել գործարարության համար բավականին լուրջ միջավայր: Եթե դրան էլ ավելացնենք, որ դա նաև նպաստելու է նոր աշխատատեղերի ձևավորմանը, որն էլ իր հերթին կնպաստի արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազմանը և աղքատության կրճատմանը, ապա արդյունքը 2016-2017 թվականների ընթացքում անշուշտ ավելի մեծ կլինի: 2014-2015 թթ-ի նոր տնտեսական քաղաքականության արդյունքները հանրությունը կարող է զգալ հետագա շրջանում:


-Այսինքն 2014 թ. նախատեսված տնտեսական աճը որքանո՞վ կապահովվի:


-Ես չեմ ասում տնտեսական աճը կապահովվի ամբողջությամբ: Ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ մենք 3,3- 3,2 տոկոսի սահմաններում կունենանք տնտեսական աճ: Սակայն ես դրանում որևէ սպառնալիք չեմ տեսնում: Մենք պետք է փաստենք, որ այդուհանդերձ Հայաստանի տնտեսությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի ճիրաններից դեռ դուրս չի եկել, ինչպես օրինակ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի տնտեսությունները, իսկ եվրոպական տնտեսական ողջ համակարգը նույնիսկ մեկ տոկոս ՀՆԱ-ի աճ չի փորձում կանխատեսել: Այս պայմաններում` չորս կողմից շրջափակված լինելու դեպքում, 3,3-3,4 տոկոս աճ ունենալը պետք է դրական դիտվի: Սակայն, իհարկե, շատ լավ կլիներ, եթե լիներ չորս, հինգ տոկոսանոց աճ, թեև այդ ամենն իր օբյեկտիվ պատճառներն ունի:


-Բայց փաստն այն է, որ բյուջեում նախատեսված աճը չի ապահովվում, և դրանից ի՞նչ հետևություն պետք է արվի:


-Համախառն ներքին արդյունքի աճը մակրոտնտեսական ցուցանիշ է և ուղղակիորեն չի ենթադրում բյուջեի թերակատարում: Ես, համենայնդեպս, փորձում եմ ասել, որ ինքս շատ հանգիստ կվերաբերվեմ, եթե ՀՆԱ-ի աճը չլինի 4,1 տոկոս, այլ լինի 3,3 և որևէ ողբերգություն չեմ տեսնում դրանում` հաշվի առնելով օբյեկտիվ պատճառները:


-2015 թվականի Կառավարության ներկայացրած բյուջեն ինչո՞վ է տարբերվում 2014 թվականի կառավարության բյուջեից, առավել ևս, որ գնալով նախատեսված ՀՆԱ-ի աճը նվազում է:


-2015 թվականի պետական բյուջեի կատարումը, ինչպես վարչապետն ընդգծեց` իրատեսական է և սոցիալական, և իրականում էլ այդպես է, քանի որ ծախսերի 45 տոկոսից ավելին նախատեսված է սոցիալական ոլորտի համար: Այդուհանդերձ, նոր տնտեսական քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը` արտագաղթը նվազեցնելու, աղքատության մակարդակը պակասեցնելու նպատակով, փոքր և միջին ձեռներեցության խթանումը՝ անհրաժեշտ արտոնյալ պայմաններ և զեղչեր տրամադրելու ճանապարհով, գին ունի, և մենք այդ գինը կվճարենք 2015 թվականին: Այդ տեսակետից՝ 2015 թվականի բյուջեի կատարումը կլինի լարված: Ամենադրականը ոչ թե բյուջեի փաստացի կատարումն է, որքան` նպաստավոր պայմանների ստեղծումը՝ 2016-2017 թվականների ընթացքում ավելի մեծ բյուջե պլանավորելու և ավելի մեծ եկամուտներ ակնկալելու տեսանկյունից: 2015 թվականի բյուջեի ամբողջ իմաստը սա է: Մեծ իմաստով՝ 2014 և 2015 թվականների բյուջեի տարբերությունները կայանում են նրանում, որ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը տնտեսական ակտիվության համար կտրուկ քայլերի չէր գնում: Նոր կառավարությունը որդեգրել է նախորդի՝ հիմնականում արտահանմանը միտված քաղաքականությունը, և այս ամենը շարունակական է։ Սակայն կիրառվող մոտեցումները որակապես այլ են, և դրանով Տիգրան Սարգսյանի Կառավարությունից Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը տարբերվում է: Այսինքն` Հանրապետական կուսակցության ծրագրերը չեն փոխվել, և հիմնական թիրախները նպատակները պահպանվել են, պարզապես Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը այդ նպատակներին հասնելու ավելի կտրուկ գործիքակազմ է օգտագործում, ավելի համարձակ քայլերի է գնում:


-Նշեցիք, որ համամիտ եք Հովիկ Աբրահամյանի գնահատականի հետ, որ բյուջեն սոցիալական է։ Այդ համատեքստում 2015 թվականի բյուջեում նախատեսված աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը որքանո՞վ այդ խավի սոցիալական խնդիրները կարող է լուծել՝ հաշվի առնելով նաև գնաճը:


-Համենայնդեպս ակնհայտ է, որ բյուջեն պլանավորում է աշխատավարձերի ավելի առաջանցիկ աճ՝ գնաճի համեմատ, իսկ թե կյանքն ինչպիսին կլինի, ժամանակը ցույց կտա: Մենք մի բան կարող ենք փաստել, որ էներգակիրների՝ հատկապես գազի սակագնի թանկացում 2015- 2016 թվականներին չի լինի և այդ հիմքով գնաճը ես բացառում եմ, մնացածը՝ ժամանակը ցույց կտա: Ակնհայտ է, որ 2015 թվականի բյուջեով կենսաթոշակի մակարդակն է բարձանում, միջին աշխատավարձն է ավելանում, ուսուցիչների, առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերի կտրուկ աճ է նախատեսվում, նաև բյուջետային աշխատողների սոցիալական փաթեթներն ավելի սոցիալական են դառնում։ Եվ եթե դրան էլ ավելացնենք, որ նախատեսված է, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մարումը լինի եկամտային հարկի հաշվին, ապա դա բավականին լուրջ խթան կարելի է համարել: Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտում բավականին նոր մոտեցումներ, լուրջ քայլեր են նախատեսվում՝ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար:


-Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության՝ նախատեսված կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես Միջազգային տնտեսական ինտեգրման նոր նախարարության ստեղծումը, ի՞նչ միտում է իր մեջ դա պարունակում:


-Կարծում եմ, որ դա վաղուց պետք է արվեր, որովհետև մեզ պետք է համակարգային բնույթի բարեփոխումների պատասխանատու կառույց: Մեծ իմաստով՝ այս նախարարությունը կդառնա բարեփոխումների մշակման, հայեցակարգային մոտեցումների, օրենսդրական նախաձեռնությունների մշակման պատասխանատուն, իսկ մնացածը՝ կդառնան այդ հայեցակարգերի իրականացման պատասխանատուն, և այդ նախարարությանը կվերապահվի արդեն բարեփոխումների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության պատասխանատվություն: Դա շատ օգտակար համակարգ կլինի կառավարման տեսանկյունից, և կարծում եմ, որ իրեն անպայման կարդարացնի:


-Իսկ նախարարության աշխատանքն ուղղված կլինի ԵՏՄ-ի, թե՞ ԵՄ-ի հետ ինտեգրմանը:


-Խոսքը գնում է ընդհանրապես Հայաստանի տնտեսական համակարգի առկա մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ավելացմանը, ուզում եք Եվրասիական տնտեսական միության կազմում, ուզում եք՝ Եվրամիության հետ հարաբերություններում։ Դա կապ չունի, մենք վաղը կարող ենք Բրազիլիայի հետ առևտրային կապեր հաստատել: