Նախագահը երկխոսության շանս է տալիս և ասում՝ եկեք, գտնենք շփման եզրեր. Էդուարդ Շարմազանով

16:20 • 11.11.14

Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացրած 12 կետերին, նշանակում է, որ իշխանությունները Նախագահի գլխավորությամբ չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով, և իշխանության նպատակն է երկխոսության ճանապարհով քննարկել և լուծել երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրները. ԱԺ-ում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե 12 կետերի հացին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժետությունն ինչից առաջացավ, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, նման առաջարկից կարելի է հասկանալ, որ ՀՀ նախագահը, իշխանությունները, ՀՀԿ–ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաև քննադատության:


«Այս հարցազրույցի կարևորագույն կետն այն է, որ երկրի նախագահն էլ նշեց, որ մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը՝ հասնելու համար երկրի զարգացմանը: Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունն ու նրա ղեկավարը անկախ ընդդիմության կողմից հնչեցված քննադատությունից, որոշ դեպքերում ոչ կոռեկտ արտահայտություններից՝ մի կողմ է դնում իր անձնական ու կուսակցական շահը և առաջնորդվում է պետական շահով, եթե մենք ուզում ենք հաջողենք, պետք է լսենք մոր գործընկերների կարծիքը»,- ասաց նա:


ԱԺ փոխնախագահը նշեց, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ Կառավարությունը պատասխանել էր ընդդիմադիր գործընկերներին, սակայն վերջիններս բավարարված չեն այդ պատասխանով և դեռ ավելին՝ մեղադրում են իշխանություններին, որ ունեն մերժողական մոտեցում:


«Դրանից ելնելով՝ հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շանս է տալիս երկխոսության, ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս և ասում, որ մենք իշխանություններս կողմ ենք երկխոսության, եկե՛ք, գտնենք շփման եզրեր»,- ասաց նա:


Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ի կարծիքը չի փոխվել. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում են, որ ցնցումներով ոչինչ չի կարող փոփոխվել ժողովրդի կյանքում, դա պետք է անել երկխոսությամբ, աշխատանքով:


Հարցին, թե կարելի է ասել, որ Նախագահի հարցազրույցը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքն էր, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ սա հանրապետության Նախագահի հետևողական քաղաքականության արդյունքն է:


«Առաջին իսկ օրվանից, երբ Նախագահն ու ՀՀԿ-ն ստանձնել են երկրի ղեկավարումը, դուք տեսել եք թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ քաղաքական ուժերի երկխոսության կոիլտուրան արմատավորվել են, մենք եղել ենք այդ գաղափարի ջատագովը: Մենք ունենք լսելու կարողություն, մենք չենք ասում՝ եթե ՀԱԿ-ն է ասում, ուրեմն քըխ է, եթե Բարգավաճն է ասում, ուրեմն քըխ է, մենք ասում ենք՝ նստենք, քննարկենք»,– ասաց նա:


Իսկ թե ԲՀԿ-ի քայլը հանրահավաքների հետաձգման մասով արդյո՞ք նրանց կողմից մեծամասնության առաջարկն ընդունելու ակնարկ է, Էդուարդ Շարմազանովը նշեց, թե այդ հարցը պետք է ուղղել ԲՀԿ-ին, որը «բավական թափանցիկ կուսակցություն է»:


Հարցին, թե համաժողովրդական շարժում տեսնում է, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չի տեսնում գաղափարական, միասնական համաժողովրդական շարժում: «Ոչ թե չեմ տեսնում, որովհետև չեմ ցանկանում, այլ դասական առումով չկա նման շարժում, որովհետև կան մոտեցումների տարբերություններ, և առանցքային հարցերում նրանք ունեն տարբեր կարծիքներ»:


ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ իրենք կողմ են, որ ընդդիմությունը, բոլոր կուսակցությունները զարգանան: «Եվ հանրապետության Նախագահի այս հարցազրույցն էլ, այս ազդակն էլ,որ ուղղված էր, ոչ միայն հանրապետականներիս, այլև հասարակությանն ու քաղաքական ուժերին, այն ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ Հայաստանում այլևս անցյալում են անձերի շուրջ համախմբումները, միայն իշխանափոխություն անելու համար համախմբումները, իշխանություն-ընդդիմություն պայքարն էլ պետք է ավելի կառուցողական ու գաղափարական լինի»,– ավելացրեց նա:


Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների անցկացնելն էլ են դիտարկում քննարկումների շրջանակում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ սահմանադրական բարեփոխումները շատ ավելի գլոբալ ու համակարգային փաստաթուղթ է, և Նախագահի այս արձագանքը ցույց է տալիս, որ այն բոլոր քննադատությունները, թե երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ իշխանությունը սահմանադրական բարեփոխումներ է անում, անտրամաբանական են:


«Մենք մշտապես ասում ենք, որ մեկը մյուսին չի բացառում, այս արձագանքն ապացուցում է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը չի խանգարում ո՛չ Կառավարությանը, ո՛չ ընդդիմություն ու իշխանական ուժերին, որ իրենց օրակարգում ունենան սոցիալական ու տնտեսական զարգացման խնդիրներ»: