Արցախը ճանաչելու մասին ԱԺ որոշման հարցում ՀԱԿ և ՀՀԿ կարծիքները համընկնում են

15:59 • 11.11.14

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն արդեն իսկ արծարծվել է խորհրդարանում, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, ուստիև ՀԱԿ-ը չի քվեարկելու որոշման այդ նախագծի քվեարկությանը:


Այս մասին ԱԺ լիագումար նիստին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:


«Մեր խմբակցությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի և 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հռչակած անկախության միջազգային ճանաչման հետևողական կողմնակիցն է: Միևնույն ժամանակ, մեր խմբակցությունը ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը համարում է վաղաժամ»,-ասաց նա և ավելացրեց, որ դա պայմանավորված է մի շարք պատճառներով, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցային գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև 1994 թ. ստորագրված զինադադարի խախտման գործոններով:


Ճանաչելու դեպքում, ըստ Զուրաբյանի, նշանակում է, որ ՀՀ-ն միակողմանիորեն դուրս է գալիս բանակցային գործընթացից և դառնում դրա տապալման հիմնական պատասխանատուն:


Նա հավելեց, որ ԼՂՀ իշխանությունները ևս նման քայլը վաղաժամ են համարում, և որ սա ոչ թե կնպաստի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացին, այլ մեկուսացման մեջ կդնի Հայաստանին:


Իսկ ԼՂՀ միջազգային ճանաչմանը կնպաստի, ըստ ՀԱԿ պատգամավորի, ԼՂ հզորացումը ու հզոր ժողովրդագրական պատկերը:


Արտահերթ ելույթի իրավունքից օգտված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի և ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի արդարացի լուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Եվ սա այն հարցն է, որտեղ մեր և նախորդ հռետորի կարծիքները համընկնում են»:


ԱԺ փոխնախագահը ևս նշեց, որ սա խոչընդոտ է հանդիսանալու բանակցային գործընթացի համար:


Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանի որոշման նախագիծը բաղկացած է 4 կետից:


1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետությունը:


2.Բացառել ԼՂՀ/Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի, սահմանային մաքսային կետերի կամ այլ կետերի տեղակայումը:


3. Բացառել ԼՂՀ/Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:


4.Բացառել Հայաստանի անդամակցությունը որևէ կառույցի, որը կվտանգի Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և կամ տարածքային ամբողջականությունը:


Նախագծի հիմնավորումը հետևյալն է. ճանաչումն անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը, մասնավորաբար՝ ՀՀ-ի և Արցախի նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները, ԼՂՀ ՝ միջազգային սուբյեկտ լինելը և այլ գործոններ, այդ թվում՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, որպես 94 թվականի հրադադարի խախտում:


«Ժառանգություն» խմբակցությունից ելույթ ունեցած խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ այս նախագիծը, սկսած Գերագույն խորհրդից, 22 տարի շարունակ գտնվում է հայոց խորհրդարանում՝ բոլոր գումարումների ԱԺ-ներում: