12 կետերով այլևս երկրում իրավիճակ փոխել հնարավոր չէ. Արմեն Մարտիրոսյան
Tert.am-ի հետ զրույցում ոչ իշխանական եռյակի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ՀՀ Նախագահի այն հայտարարությանը, որով, ըստ էության, Կառավարությանը կոչ արվեց մեկ անգամ ևս անդրադառնալ 12 կետերին, այն համարեց ժամանակավրեպ: Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱԿ-ի հետ տարաձայնությունները մերկացնող հայտարարություններից հետո շարունակո՞ւմ են վստահել «Բարգավաճ Հայաստանին», ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Վստահել-չվստահելու խնդիր գոյություն չունի, որովհետև կա իշխանափոխության ցանկություն-պահանջ, և մենք այդ շրջանակում մեր համագործակցությունը շարունակում ենք»: Հարցին էլ, թե «կա՞ վստահությունը, որ ԲՀԿ-ն այդ իշխանափոխության ճանապարհով է գնում», Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Համենայն դեպս, իրենք անձամբ հակառակի մասին չեն արտահայտվել»:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս կգնահատեք Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձը ներքաղաքական գործընթացներին, որում, ըստ էության, Կառավարությանն առաջարկվեց ևս մեկ անգամ անդրադառնալ եռյակի 12 կետերին:
-Իմ կողմից կարող եմ ասել, որ դա, ըստ էության, ոչինչ չի տա երկրին (Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունում» այդ հարցը չի քննարկվել, ուստի տեսակետը բացառապես անձնական է), որովհետև արդեն ինչ-որ կետերով երկրում փոփոխությունների շրջանն անցել է: Երկրում իշխանափոխություն է պետք և արմատական բարեփոխումներ: Հակառակ պարագայում ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ թույլ կտա երկրում մեր քաղաքացու շահերը սպասարկել:
-Այսինքն՝ իշխանության՝ 12 կետերին պատասխանելու նոր առաջարկը Ձեզ համար ընդունելի չէ:
-Ընդունել-չընդունելու խնդիր չեմ տեսնում, որովհետև նմանատիպ խնդիր գոյություն չունի, այս պահին:
-Առաջարկն անսպասելի չէ՞ր, և ինչո՞վ եք այն պայմանավորում:
-Կարծում եմ՝ իշխանությունն ընդամենը ցանկանում է ժամանակ շահել, ոչ ավելին:
-Հիշո՞ւմ եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ 12 կետերը սեպտեմբերի 30-ից հետո այլևս անցել են հետին պլան, ու որ եռյակի օրակարգում քաղաքական հարցերն են: Այսինքն՝ Դուք այդ կարծիքն եք կիսում:
-Երևի թե, համենայնդեպս իմ կարծիքն է, որ այս կետերի լուծումով մենք արդեն երկրում իրավիճակ փոխել չենք կարող, և չեմ կարծում, որ իշխանությունը, միևնույն է, այդ կետերը կիրականացնի: Եթե նման ցանկություն լիներ, մինչ այդ պիտի իրականացնեին, բայց քանի որ դա տեղի չի ունեցել, կարծում եմ՝ հստակ է, որ ընդամենը ժամանակ շահելու ինչ-որ ձև է:
-Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Կառավարությունը վերլուծություն էր ներկայացրել, թե որ կետերը որքանով և ինչու են կատարվել, որ մասը՝ ոչ:
-Կառավարության վերլուծության մեջ, ըստ էության, որևէ իրական քայլ գոյություն չուներ:
-Իսկ երեկվա իրադարձություններից հետո՝ այսինքն՝ ՀԱԿ-ԲՀԿ հայտարարություններից հետո ու արձանագրումից հետո, որ այս երկուսի միջև կան տակտիկական հարցերի հետ կապված տարաձայնություններ, «Ժառանգությունում» կա՞ վստահություն, որ եռյակը չի քանդվի գոնե ԲՀԿ-ՀԱԿ «բաղադրիչներով»:
-Կարծում եմ, այնուամենայնիվ, շարունակելու դաշտ կա:
-Իսկ ԲՀԿ-ի նկատմամբ վստահություն կա՞ «Ժառանգությունում»:
-Վստահել-չվստահելու խնդիր գոյություն չունի, որովհետև կա իշխանափոխության ցանկություն-պահանջ, և մենք այդ շրջանակում մեր համագործակցությունը շարունակում ենք:
-Այսինքն՝ կա՞ վստահություն, որ ԲՀԿ-ն այդ իշխանափոխության ճանապարհով է գնում:
-Համենայնդեպս, իրենք անձամբ հակառակի մասին չեն արտահայտվել:
- Եռյակի անդամ «Ժառանգությունն» այդ մասին ինչ-որ լրացուցիչ հավաստիացումների կարիք զգո՞ւմ է, թե էսպես... անվերապահորեն...
-Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկից հավաստիացում ստանալը կամ երդում կորզելն ու նմանատիպ քայլերն են, այլ իրականության մեջ քայլեր կատարելը:
-Չի թաքցվում այլևս, որ հանրահավաքի անցկացման ժամկետների հետ կապված երկու քաղաքական ուժերն ունեն տարաձայնություններ: Դատելով ՀԱԿ-ի հայտարարությունից՝ ԲՀԿ-ն կողմնակից է ավելի ուշ, ՀԱԿ-ը՝ ավելի շուտ տարբերակին, կոնկրետ «Ժառանգության» դիրքորոշումն այս հարցում ո՞րն է:
-Չեմ կարծում, որ խնդիրը հանրահավաքների ուշ կամ շուտ լինելն է: Խնդիրն այն է, որ մենք կարողանանք իսկապես բովանդակային քայլեր իրականացնել և կարճ ժամանակահատվածում իշխանափոխությունը կյանքի կոչենք:
-Այդ՝ իշխանափոխությունը կյանքի կոչելու ճանապարհին «Ժառանգության» համար ընդունելի կլինե՞ն երկխոսությունը կամ բանակցություններն իշխանության հետ: Ինչպես ուզում եք, անվանեք:
-Եթե դա նպաստում է իշխանափոխությանը, որևէ խնդիր չեմ տեսնում:
-Բայց կոնկրետ այդ «թեմայով» երկխոսությունը իրատեսական համարո՞ւմ եք, որ իշխանությունը պետք է նստի ու բանակցի, թե ինչպես է հանձնելու իշխանությունը այս իրավիճակում:
-Խոսքը ոչ թե նրան է վերաբերում, թե ինչպես է հանձնելու իշխանությունը, այլ նրան, թե, ըստ էության, մենք ինչ ենք անհրաժեշտ համարում իշխանափոխության հասնելու համար, որովհետև որևէ մեկը որևէ մեկի կապիտուլյացիան այս պահին կարծեք թե չի պահանջում, ուստիև չեմ կարծում, որ խնդիրը դա է:
-Բայց ինչո՞ւ, չէ որ իշխանափոխությունը քաղաքական ուժի համար, ըստ էության, քաղաքական կապիտուլյացիա է:
-Դա կապիտուլյացիա չէ, երկիրը կործանվում է, ի՞նչ կապիտուլյացիա: Ու ինչ է՝ պապական ստացե՞լ են իշխանությունը ու հիմա էլ, որ եթե տան, կապիտուլյացիա՞ կլինի:
-Ամփոփենք, փաստորեն, «Բարգավաճ Հայաստանի» մղումների, դրդապատճառների, վարքագծի վերաբերյալ «Ժառանգությունում» կասկածներ չկան:
-Իմ մտահոգությունը միայն այն է, որ երկրին անհրաժեշտ է իշխանափոխություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մնա իր երկրում և կարողանա իր նվազագույն սոցիալական ու կենցաղային խնդիրները լուծել:










