ԱԺ-ն հարգեց Գյումրիում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը, առաջարկվեց չարաբաստիկ խաչմերուկին ուշադրություն դարձնել

12:34 • 11.11.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հիշատակը:


Նա սկզբում հիշեցրեց, որ երեկ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, սարսափելի ավտովթար, որի հետևանքով յոթ մարդ զոհվել է, յոթ հոգի՝ վիրավորվել: «Նաև ես բազմաթիվ նամակներ եմ ստացել երեկվանից և կոչ եմ անում Կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանն ու Շիրակի մարզպետարանին, որ այդ չարաբաստիկ խաչմերուկին, որ անվանում են Հոռոմի խաչմերուկ, ուշադրություն դարձնեն, որովհետև գյումրեցիք պնդում են, որ այնտեղ տեղի են ունենում վթարներ, որովհետև այն, ինչպես հարկն է, կարգավորված չէ»,-ասաց նա:


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ խորապես ցավում են ու խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: