Գյումրիի վթարից տուժած 7 վիրավորներից միայն մեկի վիճակն է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության է

10:28 • 11.11.14

Գյումրի-Երևան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած վթարի արդյունքում Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 7 ուղևորներից միայն մեկի՝ մինչև 35 տոկոս այրվածքներ ստացած կնոջ վիճակն է ծանր կայուն, մյուսներինը՝ միջին ծանրության:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:


Հիշեցնենք, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին գրանցված դժբախտ պատահարի արդյունքում խոշոր հրդեհ էր առաջացել, և «Գազելի» 14 ուղևորներից 7-ը մահացել էին, նրանից մի քանիսն ամբողջովին այրվել էին:


«Վիրավորված 7 անձանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 17 տարեկան մի տղա, որի վերաբերյալ կասկածներ են եղել, որ ունի գանգի հիմքի կոտրվածք, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ այդ կասկածը ժխտվել է, տղան հիմա իրեն լավ է զգում՝ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ»,-տեղեկացրեց Անահիտ Հայթայանը:


Մյուս 5 վիրավորվներից մեկը 14 տարեկան տղա է, ում զույգ բազուկները և ամրակները կոտրված են, նա ունի վիրահատության անհրաժեշտություն:


Հիվանդանոցի տնօրինությունը հայտնել է, որ երեխայի ծնողների ցանկության դեպքում, երեխան կտեղափոխվի Երևան, եթե ոչ, տեղում վիրահատությունը կիրականացվի:

 


Գյումրիի բժշկական կենտրոնի հիվանդասենյակներում գտնվող կոտրվածքներով ու այրվածքներով մյուս 4 հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բացառության մինչև 35 տոկոս այրվածներ ստացած կնոջ, որի վիճակը գնահատվում է որպես ծանր կայուն:


Նշենք, որ Առողջապահության նախարարությունը տուժածների տվյալները հայտնելու պրակտիկա չունի, ինչ վերաբերում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ապա երեկվա վրա տվյալները չեն թարմացվում: