ՀՀ ԱԳՆ-ում հեռուստակամուրջ է կազմակերպվել Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

19:44 • 11.11.14

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 10-14-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում մեկնարկած՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունել և շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին:



Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորել է հայ խաղաղապահների մասնակցությունը և ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին և նրանց ընտանիքների անդամներին:

 

Իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան, Քեթրին Լիչը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները: