Ցեղասպանության տարելիցին ընդառաջ` նախաձեռնությունները պետք է ուղղորդվեն Հայաստանից. Աշոտ Մելքոնյան

20:50 • 11.11.14

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը գտնում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայության տարբեր շրջանակների կողմից իրականացվող նախաձեռնություններն ու միջոցառումները պետք է ուղղորդվեն մեկ ընդհանուր կենտրոնից, բնականաբար` Հայաստանից:


«Մենք արդեն ունենք պետական հանձնաժողով, որը պետք է նման գործողություններն ուղղորդի՝ շատ ավելի թիրախային ու նպատակային դարձնելու համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Աշոտ Մելքոնյանը դժվարացավ հստակ գնահատել, թե նմանատիպ նախաձեռնությունները որքան կարող են նպաստել Հայոց ցեղասպանության հատուցման իրավական գործընթացին:


«Ողջունելի է, որ հանրության տարբեր հատվածներ համանման գործողություններով իրենց համերաշխությունն են հայտնում մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը Հայոց ցեղասպանության հատուցումն է:Այն, որ դեռ մեր գործելակերպի մեջ նկատվում է անջատողականություն, միասնականության բացակայություն, դա փաստ է»,-ասաց նա:

 

Գաղափարական հարցերի առումով, ըստ պատմաբանի, միանշանակ է, որ վերջին շրջանում սկսել է գերակշռել Ցեղասպանության ո´չ թե ճանաչման, այլ՝ հատուցման հասնելու մոտեցումը՝ հանգամանք, որը տարիներ առաջ բացարձակապես չկար: