Ինչո՞ւ իմ ներդրումը չի եղել. Գոռ Վարդանյանը՝ «Նիգ-Ապարանին» անդամակցելու մասին
WDF Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանը որոշել է անդամակցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը ինչ-որ բան դեպի դրականը փոխելու, բարեգործություն անելու նպատակով:
«Նախ «Նիգ-Ապարան» կազմակերպությունը հասարակական-բարեգործական կազմակերպություն է: Երբ ուսումնասիրեցի ու տեսա, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել այդ կազմակերպությունը, ինձ մոտ հարց առաջացավ՝ այդ աշխատանքի մեջ ինչու՞ իմ ներդրումը չի եղել: Իրապես բավական մեծ աշխատանք է կատարվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ո´չ թե միայն «Նիգ-Ապարանը», այլ՝ ցանկացած հասարակական կազմակերպություն, որն աշխարհի հայերի կամ մարդկության համար ինչ-որ գործ է անում, ինքը պատրաստ է մասնակցել և իր լուման ունենալ այդ գործում:
Հայրենակցական միությանն անդամակցելու նախաձեռնությունը, ինչպես Գոռ Վարդանյանը նշեց, երկկողմանի է եղել: «Ոչ մի ուրիշ բան չկա, իսկ ինչո՞ւ չանդամակցել: Եթե մենք ուզում ենք մի բան փոխել, եկե´ք անենք, փոխենք, լավը վերցնենք»,-ասաց նա և ավելացրեց. «Ցանկացած նման ծրագրի ես պատրաստ եմ մասնակցել, եթե իմ ֆինանսն ինչ-որ առումով կօգնի, իհա´րկե, ֆինանսով էլ կօգնեմ: Այսօր իմ կերպարն այնպիսին է, որ ես ունեմ հետևորդներ, եթե ես չփոխեմ, ո՞վ պետք է փոխի»:
Նշենք, որ Գոռ Վարդանյանը, ով ծնունդով Ապարանից չէ, միությանն սկսել է անդամակցել վերևի համագումարից հետո, որը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին:










