ՌԴ-ում դատել են հայ գործարարի սպանության գործով ադրբեջանցու. քիլերը թաքնվում է Ադրբեջանում
Նովոսիբիրսկի (ՌԴ) շրջանային դատարանը քննել է «Աստրեա» կոշիկ արտադրող ընկերության սեփականատեր Արսեն Սարգսյանի սպանության գործը, որը տեղի էր ունեցել 2012թ.-ի դեկտեմբերի 4-ին գործարարի տան մոտ:
Որովայնի շրջանում ստացած հրազենային 3 վնասվածքներով նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ, սակայն, մեկ օր անց մահացել էր:
ՌԴ քննչական կոմիտեն գործ էր հարուցել՝ սպանության հատկանիշներով:
2013թ.-ի գարնանն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել էին 34-ամյա Ռամիլ Հուսեյնովին, ով, համաձայն քննության վարկածի, իր մեքենայով քիլերին հասցրել էր դեպքի վայր և հետ տարել:
Դատարանը վարորդին 8 տարվա ազատազրկման է դատապարտել:
Ենթադրյալ մարդասպան Ջավիդ Նիֆթիևի և սպանության կազմակերպման միջնորդ Ռաիմ Հալիլովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ըստ որոշ տվյալների՝ նրանք թաքնվում են Ադրբեջանում:
Սպանության դրդապատճառներն ու պատվիրատուներին պարզել դեռևս չի հաջողվել: Հայտնի է միայն, որ սպանության համար 450 հազար դոլար են վճարել, իսկ Հուսեյնովին վճարվել է 1.2 մլն ռուբլի:










