Ադրբեջանը ոտնահարում է եվրոպական արժեքները և պետք է պատժվի. Civic Solidarity

18:00 • 11.11.14

Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան և Քաղաքացիական hամերաշխության պլատֆորմը (Civic solidarity) հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների պահվածքը քաղաքացիական հասարակության հանդեպ, տեղեկացնում է contact.az-ը:

 

Եվրոպայի խորհրդի կոմիտեում Ադրբեջանի նախագահության 6 ամիսների ընթացքում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության և կառավարության այլ քննադատների դեմ ճնշումները շարունակվել են, ասված է փաստաթղթում:

 

Կոալիցիան և Պլատֆորմը, որոնք միավորում են ԵԱՀԿ-ի տարածքում 65 ոչ կառավարական կազմակերպություն, պահանջել են դադարեցնել այդ պրակտիկան և անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

 

Հայտարարության մեջ կոչ է արվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդին աջակցել Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանն ու անհիմն ճնշումների համար «պատժիչ» միջոցառումներ ձեռնարկել: 

 

«Առայժմ Եվրոպայի խորհուրդը սահմանափակվում է միայն դատապարտող հայտարարություններով: Սակայն Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հարձակում են եվրոպական ինստիտուտների և արժեքների վրա: Այդ պատճառով էլ դրանք չպետք է անտեսվեն»,-ասված է հայտարարության մեջ:

 

Փաստաթղթում թվարկված են նաև այն ակտիվիստների անունները, որոնք ճնշվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից և կցված է տեսանյութ՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին: