CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում
Մինչև դեկտեմբերի 31-ն ամերիկյան CNN հեռուստաալիքը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում՝ մալուխային ցանցերում, հայտնում է «Վեդոմոստին»:
Turner Broadcasting System Europe Limited-ը համապատասխան նամակ է հղել մալուխային օպերատորներին:
Նամակում, սակայն, չեն հստակեցվում Ռուսաստանում հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Ռուսաստանցի փորձագետներն այս առիթով ասել են, որ հեռարձակման դադարեցումը կապված է ԶԼՄ-ների մասին ռուսաստանյան օրենքում փոփոխությունների հետ, որոնք կանոնակարգում են մամուլի գործունեությունը:
2009-ից Ռուսաստանն արտասահմանյան ալիքներից պահանջում է տեղական արտոնագիր ստանալ: CNN-ը դիմել է «Ռոսկոմնադզոր», սակայն մինչև հիմա արտոնագիր չի ստացել: Ալիքը, ըստ այդմ, չի կարողանա նաև գովազդ հեռարձակել:
Turner International-ը, սակայն, դիտարկում է Ռուսաստանում հեռարձակման այլընտրանքային հնարավորությունները: Այժմ CNN-ի մոսկովյան բյուրոն, որ բացվել էր 1983-ին, իր աշխատանքը շարունակում է առանց խափանումների:










