ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չէ՞. Զ. Փոստանջյանն առաջարկում է ճանաչել Արցախը մինչև ԵՏՄ համաձայնագրի քննարկումը

15:13 • 11.11.14

Շուտով Սահմանադրական դատարանից ԱԺ կուղարկվի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին համաձայնագիրը, որին «ոչ» կամ «այո» ասելուց առաջ անհրաժեշտ է Ազգային ժողովի որոշմամբ Արցախը ճանաչելու մասին կարծիք արտահայտել:


Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այս համատեքստում հարց բարձրացրեց. «Ի՞նչ է, ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չէ՞, որ չի ճանաչում Արցախի Հանրապետությունը»:


Այսպես, ընդմիջումից հետո ԱԺ լիագումար նիստն այսօր իր աշխատանքը սկսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցով, որը առաջարկվել էր քննարկել հրատապության կարգով:


«Այս որոշման ընդունմամբ չափազանց կարևոր և ելակետային նշանակություն ունեցող խնդիր է լուծվելու՝ հայկական երկու պետականությունների անվտանգության ապահովման քաղաքական բաղադրիչների տեսանկյունից»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:


Նա հավելեց, որ մի շարք դեսպանների՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և այլ, ունեցել է բազմաթիվ զրույցներ, որոնք բոլորն ասում են՝ իսկ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Արցախը:


«Ես չեմ ուզում, որ այդ հարցը ընդմիշտ լինի օրակարգում»,-ասաց պատգամավորը:


Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանը՝ Սյունիքը չլքեց, մինչև վստահ չեղավ, որ այն ընդգրկվելու է Խորհրդային Հայաստանի կազմում:
Նույնկերպ նա առաջարկում է վարվելԵվրասիական տնտեսական միությանը միանալուց առաջ՝ կրկին ապահովագրելու մղումով:


Որոշումը բաղկացած է 4 կետից:


1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետությունը:


2.Բացառել ԼՂՀ/Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի, սահմանային մաքսային կետերի կամ այլ կետերի տեղակայումը:


3. Բացառել ԼՂՀ/Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:


4.Բացառել Հայաստանի անդամակցությունը որևէ կառույցի, որը կվտանգի Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և կամ տարածքային ամբողջականությունը:


Նախագծի հիմնավորումը հետևյալն է. ճանաչումն անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը, մասնավորաբար՝ ՀՀ-ի և Արցախի նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները, ԼՂՀ ՝ միջազգային սուբյեկտ լինելը և այլ գործոններ, այդ թվում՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, որպես 94 թվականի հրադադարի խախտում: