ԵՏՄ անդամակցությունը կա՛մ դրական, կա՛մ չեզոք ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա

08:50 • 12.11.14

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մակրոտնտեսական վերլուծությունների և ֆինանսական շուկաների բաժնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը կա՛մ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա կա՛մ չեզոք:


«Դա կախված է հնարավորություններից: Նախատեսված տնտեսական աճի պոտենցիալը տվյալ երկրի մասշտաբներում բավարար է, իսկ լրացուցիչ համագործակցությունը չպետք է վնասի, այլ պետք է ավելացնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունների կանխատեսումներով՝ ԵՏՄ անդամակցությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, մինչդեռ 2015թ.-ի բյուջեով կանխատեսված տնտեսական աճը շատ ավելի քիչ է, քան այս տարի էր:


Հարցին, թե արդյոք 4,1%-ի կանխատեսումը արվել է՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը, տնտեսագետը պատասխանեց, որ ԵՏՄ նախագծում միայն տնտեսական քաղաքականության գծով է որոշակի հարցերի անդրադարձ եղել, մյուս կողմերով ԵՏՄ անդամակցության հարցը բյուջեի մեջ, կարելի է ասել, բաց է:


«Այդ առումով, ես կարծում եմ, որ դեռևս այդ հանգամանքը դիտարկված չէ: Պարզապես ընդհանուր տնտեսական իրավիճակը հաշվի առնելով՝ տնտեսական աճի կանխատեսումները նման տիպի են: Չենք կարող ասել, որ ԵՏՄ անդամակցության հարցը, որպես այդպիսին, տնտեսական աճի գործողությունների մեջ ամբողջությամբ դիտարկված է»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում քանի տոկոսով կապահովի այդ աճը ԵՏՄ անդամակցությունը, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «ԵՏՄ անդամակցությամբ չենք կարող շատ մեծ աճ դիտարկել, այն մեզ համար սկզբնական շրջանում 1-5 տոկոսանոց պոտենցիալ կարող է ունենալ: Համագործակցության խորացումը, միգուցե դա կավելացնի»:

Անդրադառնալով բյուջեում նախատեսված տնտեսական աճի՝ ամեն տարի նվազող կանխատեսումներին` մեր զրուցակիցը նշեց, որ դա պայմանավորում է նաև համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձություններով:


«Այստեղ կարևոր նշանակություն ունեին Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, ինչի արդյունքում տրանսֆերտների ծավալը նվազել է: Այսինքն՝ դա բազմագործոնային մոտեցում է և ոչ թե մի գործոնով, այլ տնտեսական առումով է դիտարկվում»,- ասաց նա:


«Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում 2015 թվականին տնտեսական աճն ավելին կլինի, քան բյուջեում նախատեսված ՀՆԱ-ի 4,1%-ը:


«ԵՏՄ անդամակցությունը այն թաքնված հնարավորությունն է, որը չի արտացոլվել բյուջեն նախատեսելու և գրելու ժամանակ: Այն ժամանակ դեռ հայտնի չէր` մենք կմտնե՞նք ԵՏՄ, թե՞ ոչ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է տարեցտարի բյուջեի աճի կանխատեսման նվազմանը, ապա Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ՀՀ բյուջեի կատարումը շատ բաներով պայմանավորված է նաև հարևան երկրների տնտեսական զարգացման ցուցանիշներով` մասնավորապես Ռուսաստանի:


«Եվրոպայի կողմից կիրառվող վերջին սանկցիաների արդյունքում, ինչպես նկատում եք, Ռուսաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը նվազել է, և այդ ամեն ինչն ազդում է Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց նա:


Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանը բավականին շատ տրանսֆերտներ է ստանում Ռուսաստանից,  և դրա մուտքերի քանակը էականորեն ազդում է մեր տնտեսության զարգացման վրա:


Ամեն դեպքում Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ ԵՏՄ անդամակցությունը դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա: «Երբ մաքսային արգելափակումները կվերանան, Հայաստանի տնտեսությունը կինտեգրվի ինչ-որ չափով Ռուսաստանի տնտեսությանը` մասնավորապես մեքենաշինության, սարքաշինության, քիմիայի ոլորտներում, և դրանք բնականաբար կբերեն որոշակի տնտեսական աճի»,- ասաց նա:


Հարցին, թե չի կարծում, որ ինտեգրվելով ռուսական տնտեսությանը Հայաստանի վրա կանդրադառնան նաև Ռուսաստանի տնտեսությունում առկա բացասական երևույթները, միտումները, Վազգեն Սաֆարյանն ասաց. «Չեմ կարծում, որ բացասական ազդեցությունը էական կլինի: Տեղական ապրանք արտադրողների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացումը այսօր Ռուսաստանի կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է»:


Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ այդ առումով մենք ունենք գիտատեխնիկական լուրջ առաջարկություններ, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում իրականացնել: