Կայացել է «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուրը» թեմայով «Հայաստանի տնտեսական զեկույց 2014»-ի շնորհանդեսը
Այսօր ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2014»-ի շնորհանդեսը՝ «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուրը» թեմայով: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան խմբի ղեկավար Կորնելիա Սկոկովը բացման խոսքում ասաց, որ իրենք աջակցում են մասնավոր սեկտորին: «Մենք հասկանում ենք, որ լայն վերլուծական հենք է պետք, որպեսզի ճիշտ տնտեսական որոշումներ կայացվեն, և մեր նպատակն է բարձրացնել այդ վերլուծական հենքը»,- ասաց նա:
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի նախագահ Մուշեղ Թումասյանը նշեց, որ իրենց զեկույցը վերաբերում է համաշխարհային ու Հայաստանի տնտեսությունների միտումներին, ինչպես նաև Հայաստանի ինտեգրացմանը ԵՏՄ-ին:
Տնտեսական զարգացման վերջին միտումները ներկայացրեց ՏԶՀԿ ներկայացուցիչ Ելենա Մանուկյանը, ով նշեց, որ թեև համաշխարհային տնտեսական աճը դանդաղել է, սակայն միջավայրը բարենպաստ կարելի է համարել:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նկատեց, որ մեզ մոտ ևս տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Մասնավորապես նա նշեց, որ շինարարության ոլորտի աճը անցած տարի ապահովվել է 2008-ի աճի մակարդակից շատ ավելի քիչ: «Ըստ կառուցվածքի՝ մենք ոչ թե արդյունաբերական երկիր ենք, այլ գյուղատնտեսական»,- ասաց նա:
Անդրադառնալով արտաքին ներդրումներին՝ զեկուցողն ասաց, որ նկատելի է, թե Ռուսաստանի գործընկերները ներդրումներ իրականացնում են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցման ոլորտներում, իսկ 2012-2013 թվականներին մյուս երկրների ներդրումներն ավելի մեծ են եղել, քան Ռուսաստանինը:
Ելենա Մանուկյանն անդրադարձավ նաև Հայաստանի զբաղվածության, աղքատության մակարդակի միտումներին: Նա նշեց, որ գնալով եկամուտների բաշխման անհավասարությունն ավելանում է, և մենք այդ առումով խնդիր ունենք:
Հայաստանի արտաքին առևտրի վերաբերյալ ուսումնասիրությունը ներկայացրեց Կարինե Հարությունյանը, ով ասաց, որ ԵՄ երկրներից ներմուծումը կրճատվել ու տեղափոխվել է այլ երկրներ: «ԵՄ-ի հետ առևտուրը նախաճգնաժամային տարիների համեմատ բավականին նվազել է, իսկ ասիական երկրների խմբի կարևորությունը գնալով մեծացել է և արտահանումն է աճել»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը ներկայացրեց Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը: Նա նկատեց, որ այսօր ինտեգրացիոն պրոցեսները գնալով դառնում են ավելի բազմազան, որոնք ունենք ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:
Մասնավորապես Հայաստանի անդամակցության մասին նա նշեց, որ ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրի առումով արգելքները քիչ են լինելու, կարող ենք այդ երկրներ արտահանման ծավալներն ավելացնել և այլ առավելություններից օգտվել: Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա զեկուցողն ասաց. «Մենք փոքր երկիր ենք և շուկայի խնդիր ունենք, իսկ արդյունքում Հայաստանի արտադրանքը սահմանափակ շուկա է ունենալու»:
Մուշեղ Թումասյանը իր ամփոփիչ խոսքում ասաց, որ Եվրասիական տնտեսական անդամակցությունը խոշոր աշխարհաքաղաքական գործընթաց է, որին Հայաստանը ստիպված է մասնակցել, և այն հակադրվում է եվրոպական ինտեգրացման գործընթացներին:
Նա նշեց, որ թեև ընդհանրապես մեր ամենամեծ գործընկերը Ռուսաստանն է, սակայն ԱՊՀ-մյուս երկրների հետ մեր համագործակցությունը շատ ավելի քիչ է, քան ԵՄ երկրների հետ: «Տնտեսական իմաստով մենք փորձում ենք ինտեգրվել Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Մուշեղ Թումասյանը հիշեցրեց, որ մինչ ԵՏՄ-ին անդամակցելն էլ Հայաստանն օգտվում էր ԱՊՀ երկրներ հետ ունեցած ազատ առևտրի համաձայնագրի հնարավորություններից: Նրա գնահատմամբ՝ այս ինտեգրացիոն պրոցեսին, ըստ էության, պատրաստված չենք:










