Դատարանը վարույթ է ընդունել «ԱրմենՏելի» նախկին աշխատակիցների հայցը
Դատարանը վարույթ է վերցրել առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատված նախկին աշխատակիցները հայցը, սակայն դեռ դատական նիստի օր նշանակված չէ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց նախկին աշխատակիցներից Գեղամ Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ «2007 թ. «MEDEP» բժշկական կենտրոնի կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 683 աշխատակիցներ անցել են բուժզննում, որի հետևանքով 101-ը մնացել է առանց աշխատանքի` առողջական խնդիրներ ունենալու պատճառով:
«ԱրմենՏելն» ընկերությունն էլ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ նախկին աշխատակիցներն աշխատանքից ազատվել են օրենքի սահմաններում: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը Tert.am-ին ասել էր, որ եթե աշխատակիցը համաձայն չէր «MEDEP»-ի եզրակացությանը, ապա կարող էր այլ բժշկական կենտրոնից ներկայացնել հակառակն ապացուցող եզրակացություն, ինչը չի արվել։
«Դե պարզ է, որ «ԱրմենՏելը» չի ասի, որ ինքն անօրինականություն է թույլ տվել: Այն փաստը, որ դատախազությունը, հարկային տեսչությունը որոշել են, որ տեղի է ունեցել անօրինական գործունեություն, այսինքն՝ բժշկական հանձնաժողովն անօրինական է եղել... այդ փաստաթղթերը ցույց են տրվել լրագրողներին»,-մեկնաբանեց Գեղամ Ներսիսյանը:
Ըստ Գեղամ Ներսիսյանի՝ հետագայում պարզվել է, որ «MEDEP» բժշկական կենտրոնը ակնաբուժական հետազոտություն անցկացնելու իրավասություն չի ունեցել, այնինչ իրեն ազատել են տեսողության վատ լինելու պատճառով։ Տուժողը այլ բժշկական կենտրոնում ստուգում է անցել և տեսողության ոչ մի խնդիր չի արձանագրվել, նույնիսկ ակնոց չի կրում:
Նախկինում ևս Գեղամ Ներսիսյան դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, և ըստ նրա՝ դատարանը հայցի ընդունումը մերժել էր հետևյալ պատճառաբանությամբ. «Որ ճիշտ ա՝ տեղի են ունեցել անօրինականություններ, բայց քանի որ վաղեմության ժամկետն անցել է, այդ պատճառով հայցը մերժվում է»:
Վերջինս այս ընթացքում վիճարկելով բժշկական եզրակացությունը՝ երկու անգամ դիմել է Վերաքննիչ դատարան, երկու անգամ ՝ Վճռաբեկ դատարան ու Եվրադատարան:










