Ինչ նվերներ են ստացել ամերիկացի պաշտոնյաներն Ադրբեջանից. ԱՄՆ-ն հրապարակել է ցանկը
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկինը, 2013 թվականին թանկարժեք նվերներ են ստացել ադրբեջանցի պաշտոնյաներից:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում նշվում է, որ նախագահ Օբամային 2013թ.-ի դեկտեմբերի 5-ին ադրբեջանական գորգ են նվիրել՝ 6.560 դոլար արժողությամբ, իսկ նրա տիկնոջը՝ Միշել Օբամային, ավանդական ադրբեջանական շալ՝ 435 դոլար արժեքով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցյալ տարվա դեկտեմբերին 760 դոլար արժեքով մետաքսե ձեռագործ գորգ է նվեր ստացել: Բաքվում Ադրբեջանի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նույնպես գորգ է նվեր ստացել՝ 625 դոլար արժողությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը, օգոստոսին այցելելով Վաշինգտոն, ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելին 600 դոլար արժողությամբ գինիների հավաքածու է նվիրել:
Բացի նվերներից, ադրբեջանցի պաշտոնյաները նաև հոգացել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնես կարգով թռիչքները Բաքվից Փարիզ:
Հատկանշական է, որ այս փաստաթուղթը հայտնվել է մի քանի ժամ առաջ այն բանից, երբ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ պետք է մասնակցեին դեսպան Սուլեյմանովի և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու՝ Անար Մամեդովի հրավիրած շքեղ ընթրիքին:
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն Ադրբեջանա-ամերիկյան դաշինքն է, որը գլխավորում է Անար Մամեդովը: Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այս միջոցառմանն իր մասնակցությունը չի մեկնաբանել:
Foreign Policy-ի տվյալներով՝ Անար Մամեդովը 2012թ.-ին առնվազն 2 մլն դոլար է ծախսել նմանատիպ ընթրիքի համար: Համաձայն նույն աղբյուրի՝ անցյալ տարի Մամեդովը 5 մլն դոլար է տվել լոբբիստական Fabiani & Co խմբին՝ ամերիկացի պաշտոնյաների հետ պայմանագրերի կնքման համար:










