Սևանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ (լուսանկարներ)
ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի և 200.000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին,«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Սևանա լճի էկոհամակարգը պահպանելու տեսանկյունից կարևորելով իրականացվող միջոցառումը՝ բնապահպանության նախարարը հայտնել է. «Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ»:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










