Պորոշենկոյի խորհրդականն առաջարկել է արգելափակել Facebook-ը նախարարների համար
Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Տոմենկոն երեքշաբթի հայտարարել է, որ հնարավոր է՝ երկրի հաջորդ կառավարության անդամներին արգելվի գրառումներ կատարել Facebook սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Մենք ուզում ենք արգելել նախարարներին` օգտվել Facebook-ից, կարիք չկա աշխատանքային օրվա ընթացքում պատմել, թե նրանք ինչի մասին են երազում»,-Տոմենկոյի խոսքը մեջբերել է Interfax.ru-ն:
«Facebook-ը, Twitter-ը հիանալի կատակ են: Ես դա ընդունում եմ, սակայն՝ աշխատանքային ժամից դուրս: Ես չեմ հասկանում՝ նախարարն ինչպես կարող է ցերեկը նստել և շարադրել իր փիլիսոփայական մտքերը կյանքի մասին, պատմություններ գրել իր կարդացած գրքի մասին»,-Տոմենկոյի խոսքը մեջբերել է УНН-ը:
Նախագահի խորհրդականը կարծիք է հայտնել, որ նախարարները պետք է օրական 3 մամուլի ասուլիս անցկացնեն կամ էլ՝ վարչության պետերի խորհրդակցություն:
«Նախարարների մեծ մասն ընդհանրապես խորհրդակցություն չի անցկացրել վարչության պետերի հետ, նրանք իրար չեն էլ ճանաչում»,-նշել է Տոմենկոն:










