«Հայհիդրոմետը» հերքում է մինչև մինուս 29 աստիճան ցրտերի մասին տեղեկությունը
«Հայհիդրոմետը» հերքում է մինչև մինուս 29 աստիճան ցրտերի մասին տեղեկությունը՝ նշելով, որ ո՛չ նման կանխատեսումներ են արվել, ո՛չ էլ հնարավոր է հիմա դա անել:
«Նման կանխատեսումներ չեն եղել։ Ես զանգեցի «Հարթակի» գլխավոր խմբագրին, պատասխանը եղավ այն, որ դա «ասում են» խորագրում է, և դա լուրջ ինֆորմացիա չէ, և հենց դրա համար էլ այդտեղ է զետեղվել: Նման բան չկա, ուղղակի անլրջություն է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց «Հայհիդրոմետ» կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Հարթակը» գրել էր. «Օդերևութաբաններն անհանգստացած են սպասվող ձմեռվա կանխատեսումներից: Ըստ որոշ լուրերի՝ այս ինֆորմացիան հույժ գաղտնի է պահվում: Խոսքը մինուս 29 աստիճանի մասին է»:
Զարուհի Պետրոսյանի հավելմամբ՝ ձմռան մասին կանխատեսումները կլինեն նոյեմբերի վերջին և հատուկ ասուլիսի միջոցով կներկայացվեն:










