ԼՂՀ-ն դիմել է «Կարմիր խաչին»՝ միջնորդելու խոցված ուղղաթիռի անձնակազմին հետ ստանալու համար, ԿՄԽԿ-ն դիմում դեռ չի ստացել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությանը՝ ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին Հայաստանին հանձնելու նպատակով. այս մասին Tert.am-ին ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը նշեց, որ ուղղաթիռը ընկած է ադրբեջանցիների դիրքին շատ մոտ և քանի որ ադրբեջանական կողմի կրակահերթը թույլ չի տալիս, որ անգամ ընկած օդաչուներին մոտենան, այդ իսկ պատճառով դիմել են «Կարմիր խաչին», որպեսզի միջնորդ հանդես գա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Tert.am-ին ասաց, որ իրենք, իհարկե, հետևում են լրատվամիջոցների հրապարակումներին, բայց հաստատել կամ հերքել դիմումի առկայությունը դեռևս չեն կարող։ «Մեր կազմակերպությունը դեռ չի կարող դա հաստատել կամ հերքել։ Իհարկե, հրապարակումներին մենք հետևում ենք, պատրաստ ենք կանգնել որպես անկախ միջնորդ նման դեպքերում, բայց ինչ վերաբերվում է կոնկրետ այս դեպքին, ապա մեկնաբանություն տալ չեմ կարող։ Կարծում եմ, ավելի հստակ մենք կարող ենք հաղորդագրությամբ հանդես գալ ավելի ուշ»,- նշեց նա։
Զառա Ամատունին նշեց, որ նման միջնորդություն ստանձնելու համար պետք է անպայման դիմում լինի. «Անպայման մենք դա պետք է ստանանք անձնապես, ոչ թե լրատվամիջոցների կողմից հրապարակման միջոցով։ Ստանալուն պես մենք դա կարող ենք հաստատել հանրայնորեն»։










