Համաշխարհային բանկը հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին

14:02 • 13.11.14

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին՝ Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո: Սա երեք ԶՔԳ-ների շարքի երկրորդ ծրագիրն է:


Այսօր մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Նա նշեց, որ իրենք Հայաստանի կառավարության հետ մշակում են ռազմավարական տեսլական: «Մենք իրականացնում ենք մշտադիտարկումներ և ըստ անհրաժեշտության` ճշգրտումներ ենք անում»,- ասաց նա և նշեց, որ աշխատում և օժանդակում են Հայաստանի կառավարությանը, որպեսզի բարեփոխումները հնարավորինս իրատեսական և խորը լինեն:


Լորա Բեյլին ներկայացրեց, որ ծրագրի ռազմավարական նպատակը աշխատատեղերի ստեղծումն է, որն ըստ իրենց` ժողովրդի համար ամենամեծ տեղաշարժը կառաջացնի:


«Մեր կարծիքն այն է, որ Հայաստանը` հաշվի առնելով տարածաշրջանային միջավայրը, իր սահմանների ներսում պետք է հնարավորինս շատ քայլեր իրականացնի աշխատատեղերի ավելացման ուղղությամբ»,- ասաց նա:


Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնտեսագետ Գոհար Գյուլումյանը նշեց, որ այս վարկային ծրագիրը հինգ բաղադրիչ ունի, որոնք ուղղված են` գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումներ իրականացնելուն:


«Հայաստանում տնեսության, վարչարարության ծավալների համեմատ տեսչական մարմինների թիվը բավականին մեծ է, և ստուգումներ իրականացնելու ձևը հին է»,- ասաց Գոհար Գյուլումյանը և նշեց, որ իրենք կառավարությանը ներկայացրել են բարեփոխումների այն ճանապարհային քարտեզը, որի շուրջ երեք տարի կաշխատեն կառավարության հետ: Բարեփոխումների արդյունքում, նա ասաց, որ անհրաժեշտություն է տեսնում տեսչական մարմինների թիվը նվազեցնել, նոր գործելաոճի անցնել, նրանց անկախությունը բարձրացնել և տարբեր շահառուների ներգրավել, այսինքն՝ խորհուրդներ ստեղծել:


Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, անդրադառնալով այս տարվա Հայաստանի տնտեսական աճին, ասաց, որ նրանց կանխատեսմամբ այն կլինի 2,6 տոկոս, իսկ 2015 թվականի համար կանխատեսել են 3,3 տոկոս տնտեսական աճ: