Կառավարությունը մերժեց Հրանտ Բագրատյանի՝ երթևեկության տուգանքների վերանայման նախագիծը
Կառավարությունն այսօր մերժեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:
Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված 2014 թ-ի օգոստոսին վարչապետի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 803-Ա որոշումը:
Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքային խումբը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ ձևավորելու հետ կապված հարցը:










