Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է և կոնֆլիկտի սրման նոր փուլի սպառնալիք. Նիկոլայ Բորդյուժա

13:23 • 13.11.14

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ՝ նշելով, որ այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում է հրահրում:

 

«Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում և ուժեղացնում է մեր անհանգստությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

«Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր փուլի սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է է՛լ ավելի սրված»,- նշված է հայտարարության մեջ:

 

«Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Ամենակարևորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները:



Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: