ԵՄ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման միջադեպին

10:56 • 13.11.14

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ին ուղղաթիռի կործանման միջադեպի վերաբերյալ:

 

«Շփման գծի երկայնքով 2014 թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հրադադարի խախտման հաղորդումներից հետո, որի ընթացքում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կարևոր է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Բացի այդ, մենք կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը», - ասված է Եվրամիության հայտարարության մեջ:

 

Եվրամիությունը կողմերին կոչ է արել հարգել հրադադարը և վերսկսել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

«Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին: Կողմերը պետք է խստորեն հարգեն հրադադարը, խուսափեն ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և վերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»,- նշված է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: