ԵՄ հատուկ ներկայացուցիչը ցանկություն է հայտնել այցելել Լեռնային Ղարաբաղ

12:41 • 13.11.14

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Սալբերը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու Եվրամիության հանձնառությունը, գրում է asbarez.com-ը:

 

Սալբերը ելույթ է ունեցել նոյեմբերի 11-ին Օքսֆորդի համալսարանում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա միջազգային և տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը» թեմայով համաժողովին:

 

Սալբերը վերահաստատել է, որ ԼՂ հարցում ԵՄ-ի դիրքորոշումը Մինսկի գործընթացին աջակցելն է, այլ ոչ այն փոխարինելը կամ տապալելը:

 

Դեսպան Սալբերը կոչ է արել հակամարտության կողմերին բանակցություններին մոտենալ հրատապության նոր զգացումով: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի կարող լուծել խնդիրը միայնակ. «կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն»:

 

Սալբերը հաստատել է Լեռնային Ղարաբաղ այցելելու իր ցանկությունը: Նա հույս է հայտնել, որ շուտով կարող են ստեղծվել եվրոպացի դիվանագետների համար Լեռնային Ղարաբաղ այցելելու քաղաքական պայմաններ: «ԵՄ-ի ներկայացուցիչը պետք է կարողանա ասել. «Ես տեսել եմ՝ ինչ է այնտեղ տեղի ունենում իմ սեփական աչքերով և հնարավորություն եմ ունեցել խոսել մարդկանց հետ»,- ասել է նա։