«Իսլամական պետության» անդամները Բուլղարիայում առևանգված ավտոմեքենաներ են վարում
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամներին պարբերաբար Բուլղարիայում առևանգված թանկ ավտոմեքենաներ են ուղարկվում: Այդ մասին են վկայում հատուկ ծառայությունների տվյալները, որոնք հրապարակում է «Ստանդարտ» թերթը, գրում է ТАСС-ը:
Յուրաքանչյուր ամիս «լյուքս» դասի չորսից ութ ավտոմեքենա Բուլղարիայից դուրս է հանվում և Թուրքիայով տեղափոխվում Մերձավոր Արևելք:
Մասնագետների գնահատականով՝ միայն Սոֆիայում գործում է ավտոմեքենա առևանգողների մի քանի խումբ, որոնք պայմանավորվածություն ունեն ավտոմեքենաների մշտական մատակարարման մասին: Առավել հաճախ մեքենաներն ուղարկում են Սիրիա, Իրաք և Լիբանան, քանի որ այդ պետությունների հետ Բուլղարիան չունի իրավական և ոստիկանական համագործակցության մասին համաձայնություններ:
2014 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Բուլղարիայում առևանգվել է 2.598 մեքենա: Մեծ մասը դուրս է հանվել երկրից: Առավել հաճախ դրանք ձեռք են բերում լիզինգով, իսկ այնուհետ զբոսաշրջային ճանապարհորդության անվան տակ մեքենաները դուրս բերում երկրից, և դրանք այլևս հետ չեն վերադարձվում:










