Մեքսիկայում ուսուցիչներն այրել են տարածքային խորհրդարանի շենքը

10:04 • 13.11.14

Մեքսիկայի Գերերո նահանգի պետական կրթական կազմակերպության ուսուցիչները չորեքշաբթի ներխուժել են նահանգի խորհրդարանի շենք, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով El Universal մեքսիկական թերթին:

 

Նրանք շենքի մոտ կայանած հինգ մեքենա են այրել, իսկ այնուհետև ներխուժել են ներս և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել պատգամավորական աթոռների վրա: Դրանից առաջ նրանք ներխուժել են նաև Գերերո նահանգի կրթության նախարարություն և շենքի առաջ սկսել այրել կահույքն ու փաստաթղթերը: Այդկերպ նրանք փորձել են հասնել 43 ուսանողի առևանգման գործով արդար դատի:

 

Կորած ուսանողների գործի առնչությամբ բողոքի ակցիաները տեղի են ունենում Մեքսիկայի տարբեր շրջաններում: Մասնավորապես՝ առևանգվածների բարեկամներն ու ուսանողներն արգելափակել են Ակապուլկո զբոսաշրջային քաղաքի օդանավակայանը, իսկ Մեխիկոյում ցուցարարներն այրել են նախագահական պալատի դարպասները:

 

Մեքսիկացի ուսանողներն առևանգվել են սեպտեմբերի վերջին: Վերջին անգամ նրանց տեսել են, երբ ոստիկանությունը նրանց ձերբակալել է բողոքի ակցիայից հետո: Այնուհետ, քննության տվյալներով, ոստիկանները նրանց փոխանցել են հանցավոր խմբի անդամներին, որոնք սպանել են ուսանողներին և այրել նրանց մարմինները:

 

Չնայած հանցագործների խոստովանական ցուցմունքներին և մասշտաբային հետաքննությանը՝ մահացածների բարեկամները դժգոհ են գործի ընթացքից և չեն հավատում իրենց մերձավորների մահվանը: