Ադրբեջանն այս կերպ պատասխանեց Մինսկի խմբի համանախագահներին. Էդուարդ Շարմազանով

13:03 • 13.11.14

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ նմանատիպ գործողությունները վտանգի տակ են դնում բանակցային գործընթացը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում երեկ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի «ՄԻ-24» ուղղաթիռի կործանման միջադեպին:


Շարմազանովը նկատեց, թե անզեն ուղղաթիռին թիկունքից խփելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը և ի գիտություն Բաքվի իշխանությունների, ովքեր հայտարարել են, թե ԼՂՀ տարածքը ոչ թռիչքային գոտի է՝ նշեց. «Ադրբեջանը երկար ժամանակ է այդ տարածքի հետ կապ չունի ու երբեք, որպես անգամ անկախ պետություն, կապ չի ունեցել»:


Շարմազանովի խոսքով՝ հայկական ուղղաթիռը խոցելը ձեռնտու կարող է լինել միայն այն պետության համար, ով հակամարտությունը թեժացնելու միտում ունի:

 


«Դա ձեռնտու էր բացառապես նրանց, ովքեր ուզում են թեժացնել իրավիճակը: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ նմանատիպ գործողությունները վտանգի տակ են դնում բանակցային գործընթացը: Չեմ բացառում, որ Ադրբեջանն այս կերպ պատասխանեց Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նրանց հետ էին վերադարձնում բանակցային սեղան: Սա շատ վտանգավոր է: Այն, որ ԼՂՀ ուժերը իրենց խնդիրները կլուծեն, դա ես չէ, որ պետք է ասեմ: Կրկնում եմ, սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, ու ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,-ասաց նա: