Ոստիկանությունը ԱՀԿ-ի տվյալներին հակադրում է ՃՏՊ-ների ծանրության գործակիցը, որը գնալով իջնում է

17:17 • 18.11.14

ՀՀ ոստիկանության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներն իրար չեն համապատասխանում, և մյուս կողմից էլ՝ ՀՀ ոստիկանությունը առաջնորդվում է Հայաստանում ընդունված հաշվարկով՝ ճանապարհային տրանսպորտային պատահարների ծանրության աստիճանով, որը գնալով իջնում է:


Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նկատի ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած ցուցանիշը, ըստ որի՝ Հայաստանում ճանապարհային տրանսպորտային պատահարների դեպքում 100 000 բնակչի հաշվով գրանցվում է 18,1 մահացության դեպք:


«Ես չգիտեմ՝ ի՞նչ հաշվարկներով են իրենք առաջնորդվել, բայց Հայաստանի Հանրապետությունում կա հետևյալ հաշվարկը՝ՃՏՊ-ի ծանրության գործակից, որի դեպքում հաշվարկը կատարվում է, թե 100 վնասվածք ստացած անձանցից քանիսն են մահվան ելքով: Մեր մոտ ծանրության գործակիցը՝ 2014 թվականից ցայսօր կազմում է 6.2 ։ 2013 թ. այս գործակիցը կազմել է 7.3 , 2012-ին՝ 7, 7, 2011-ին՝ 8.9, 2010-ին՝ 10: Այսինքն՝ այն գնալով իջել է»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:


Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Համաշխարհային բանկի տվյալներին՝ նշել էր, որ Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում ճանապարհային երթևեկության վտանգավորության մակարդակով: Սույն վիճակագրության համաձայն՝ մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով Եվրոպայում առաջատար դիրք է զբաղեցնում Ռուսաստանը: 100 հազար բնակչի հաշվով Ռուսաստանում գրանցվում է 18,6 մահ՝ 27 100 ավտոմեքենայի դեպքում: Ցուցակի երկրորդ տեղում հայտնված Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է 18,1 մահ: Երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանը՝ 16,565 ավտոմեքենայի դեպքում 15,7 մահ ցուցանիշով: Ադրբեջանում 11 200 ավտոմեքենայի դեպքում արձանագրվում է 13,1 մահ՝ 100 հազար բնակչի հաշվով:


Նույն վիճակագրության համաձայն՝ Եվրոպայում երթևեկության առումով ամենաապահով երկրներն են Իսլանդիան և Շվեդիան՝ 100 հազար բնակչի հաշվով, համապատասխանաբար, 3 և 2,8 մահվան ցուցանիշով:


Ի լրումն վերոնշյալի, Աշոտ Ահարոնյանը, նկատելով, որ միջազգային այս կառույցները հաշվարկը կատարել են 100 հազար բնակչի հաշվարկով և ստացել են 18.1 թիվը, ավելացրեց. «Ես չգիտեմ՝ իրենք ինչ հաշվարկ են վերցրել, բնակչության ինչ թիվ են վերցրել, բայց խնդրում եմ Ձեզ ուշադիր լինել և վերլուծել: Այսպես. 2013-ին Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 316 մարդ, այս տարի մինչև օրս՝ զոհերի թիվը կազմում է 267, ինչը նախորդ տարվա համեմատ կազմում է -14 մահ: Վերջին տասը տարվա ընթացքում ամենաշատ զոհերն ունեցել ենք 2008 թվականին՝ 407 մահ: Եվ անգամ այս դեպքում, երբ այդ 100 հազար բնակչի դեպքում հաշվարկ կատարեք, կտեսնեք, որ այդ գործակիցը այդքան չի կազմում, հաստատ 18. 1 չէ, դրա կեսն է»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:


Վերջինիս հարց ուղղեցինք, թե վատ ճանապարհներ, վարորդների մենթալիտետ, արագության գերազանցում և այլն՝ այս գործոններից որո՞նք են ճանապարհային տրանսպորտային պատահարների հիմնական պատճառը:


«Հիմնականում՝ արագության գերազանցումը և ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումները»,-պատասխանեց Աշոտ Ահարոնյանը:


Tert.am-ը վերջին խնդրի շուրջ զրույցեց նաև ոլորտի շահառուների հետ:


«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը գտնում է, որ Հայաստանում ՃՏՊ-ների մտահոգիչ քանակը պայմանավորված է ինչպես ենթակառուցվածքներով, այնպես էլ` անփորձ վարորդներով:


Tert.am-ի հետ զրույցում Գևորգ Դոստուրյանը նշեց, որ անփորձ վարորդներ հիմնականում հանդիպում են տաքսի ծառայություններում, որտեղ նույնիսկ առանց վարորդական իրավունքի, բանակից նոր վերադարձած երիտասարդներ են աշխատում են:


«Տաքսի ծառայություններում շատ կան վարորդներ, որոնց նույնիսկ հեծանիվ չի կարելի վստահել, ուր մնաց մեքենա»,-ասաց նա:


Գևորգ Դոստուրյանը հիշեցնում է նաև, որ բացի այս, վարորդները 13-14 ժամ ղեկին են լինում, և այդ հոգնածությունը իր հետևանքներն է առաջացնում: «Տաքսիները շահագործվում են օրական 13-14 ժամ, չի կարող թեկուզ փորձառու վարորդն այդքան ղեկին լինել, ուր մնաց անփորձը»,-ասաց ՀԿ-ի փորձագետը:


Նա նաև նկատեց, որ մեր ճանապարհները շատ վատ վիճակում են: «Մեզ մոտ համալսարանները կենտրոնացված են մի տեղում, ինչը խցանման բուն է, իսկ Եվրոպայում, զարգացած երկրներում դրանք ծայրամասերում են գտնվում: Առանց պետության կողմից ֆինանսական ներդրումների, կարելի է այդ համալսարանների մի մասը տեղափոխել ծայրամասեր»,-ասաց նա:


Գևորգ Դոստուրյանն ասաց, որ վթարների նվազման համար տրանսպորտի նախարարությունը կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնք չեն արվում: «Երթուղայինների հարցում քաղաքապետարանը ահագին բան ունի անելու ու չի անում»,-հավելեց նա:


Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Հայաստանում ՃՏՊ-ների ցուցանիշի բարձր լինելը պայմանավորում է տեսախցիկների առկայությամբ։ «Ի սկզբանե, տեսախցիկների տեղադրումը բերեց սոցիալական լարվածության: Եթե այդ տեսախցիկները ծառայեին երթևեկության կանոնների պահպանման բարձրացմանը, վարորդների իրավական գիտակցության բարձրացմանը, դա արդյունք կտար: Սակայն դա բիզնես է և ծառայում է դա իրականացնող ընկերության շահերին»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը և ավելացրեց, որ սոցիալական ծանր վիճակը բերում է նրան, որ մարդիկ շատ անուշադիր ու անփույթ են վարում:


Տիգրան Հովհաննիսյանն անգամ ավելացրեց, թե մարդիկ խախտումներ են անում՝ տեսախցիկներից վրեժխնդիր լինելու համար: «Միտում է առաջացել տեսախցիկների դեմ, դրա համար էլ ոչինչ չի փոխվում»,-ասաց նա:


Տիգրան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ՃՏՊ-ների թվին նպաստում է նաև կովկասյան մենթալիտետը և մյուս կողմից՝ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները. «Մեր աղջիկները, փորձ չունենալով, աջ ղեկով մեքենաներ են գնում, ինչը երկու անգամ դժվարացնում է վարելը»։


Նա նաև գտնում է, որ վարորդական վկայականի տրամադրման գործընթացը պետք է փոխվի: