Կա ընդամենը 24 ծննդաբերող կին, որ ստանում է 1 մլն-ից բարձր աշխատավարձ, ովքեր էլ ղեկավարներ են. Հակոբ Հակոբյան

14:44 • 18.11.14

Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին քննարկմանն ԱԺ-ում այսօր հավատացրեց, որ սա ևս մեկ խթան է ծնելիության աճի համար, քանի որ բոլոր այն կանայք, ովքեր չեն աշխատում, հղիության, ծննդաբերության համար տրվում է լրացուցիչ աշխատավարձի հիսուն տոկոսը:


Մինչդեռ, ըստ նրա, այս օրենքն ընդդիմադիր պատգամավորներն այնպես են ներկայացնում, կարծես իշխող կուսակցությունն ու Կառավարությունը հղի կանանց գումարները կրճատում են, այն դեպքում, երբ նման բան բացարձակապես չկա:


«Ամբողջ նպատակն է, որ կարողանանք աջակցել չաշխատող կանանց: Այնպիսի հարցադրումներ եղան, որ մենք սեղաններին ուտում, խմում ենք ու մայրերի փողն էլ կտրում ենք: Խնդրում եմ, թող մեկը ելույթով ասի, թե որ մոր փողն է կտրվում: Մենք չորս տարի պայքարել ենք, որ հասնենք նրան, որ սոցիալական համակարգը համարվի ոչ թե դեպքի համար փող բաժանող, ոչ թե երեխա ունենալու, այլ աղքատ ընտանիքում երեխա ունենալու համակարգ»,-նշեց նա:

 


Հակոբ Հակոբյանը շեշտեց, թե այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ կա ընդամենը 24 ծննդաբերող կին, որ ստանում է մեկ միլիոնից բարձր աշխատավարձ, ովքեր էլ, ի դեպ, հասկանալի է, որ ղեկավարներ են:


«Ասում եք արհմիությունները պիտի զարգանան, թող նրանք վերցնեն իրենց վրա որոշակի փոխհատուցում, սա օրենքով չենք կարող պարտադրել։ Բացի այդ յուրաքանչյուր ձեռնարկություն ունի սոցիալական ֆոնդեր, եթե այդքան շատ են ուզում, կարող են այդտեղից վճարել, լուծումը թողնում ենք կամավոր, բայց մեկ տարի հետո գուցե և սարքենք պարտադիր»,-եզրափակեց նա: